Հայերեն   English   Русский  

​Թրամփը երկակի ստանդարտների դրսևորում է համարել իր նախկին խորհրդականի նկատմամբ դատարանի մեղադրական որոշումը


  
դիտումներ: 147

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկակի ստանդարտների դրսևորում է որակել երդվյալ ատենակալների դատարանի որոշումը, որով մեղավոր է ճանաչվել քաղտեխնոլոգ Ռոջեր Սթոունը՝ Թրամփի խորհրդականը 2016 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այժմ նրանք ստի համար մեղադրեցին Ռոջեր Սթոունին և ցանկանում են երկար տարիներով բանտարկել նրան,- նշել է Թրամփը երեկ իր թվիթերում:- Իսկ Հիլարի Քլինթո՞նը, Ջեյմս Կոմին [ՀԴԲ-ի նախկին ղեկավար], <...> անազնիվ Ադամ Շիֆը և անգամ [ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ] Մյուլլե՞րը: Մի՞թե նրանք չեն ստել: Երկակի ստանդարտներ, ինչպիսիք երբեք չեն եղել մեր երկրի պատմության մեջ»:

Երդվյալ ատենակալները Սթոունին մեղավոր են ճանաչել հինգ կետով՝ կապված նախաքննությանը սուտ վկայություններ տալու հետ, մի կետով՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի հետաքննությանը խանգարելու փորձի հետ, ևս մի կետով՝ կապված վկայի վրա ճնշում գործադրելու հետ: Սթոունը ԱՄՆ նախագահի ամենամերձավոր ու վստահելի անձանցից է: Նա բերման է ենթարկվել Ֆորտ Լոդերդեյլ (Ֆլորիդայի նահանգ) քաղաքում հունվարի 25-ին: Առավելագույն պատիժը, որ սպառնում է Սթոունին, 20 տարվա բանտարկությունն է:

Նրան նաև կասկածել են WikiLeaks կազմակերպության հետ կապերի համար: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի թիմը մեղադրել է Սթոունին այն բանի համար, որ նա փորձել է WikiLeaks-ից ստանալ կայքահենների հափշտակած նյութերը, որոնք կարող էին վնաս հասցնել ընտրություններում Թրամփի մրցակից, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: