Հայերեն   English   Русский  

«Սիրո և համերաշխության» կարգախոսից մինչև ատելության խոսք․ նոր որակի Հայաստանի անհրաժեշտությունը (տեսանյութ)


  
դիտումներ: 279

«7or.am» կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի ելույթը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբի համաժողովին։

Հարգելի գործընկերնե՛ր,

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսի ներքո էին։ Հանրությունն ուներ մեծ ու դրական սպասելիքներ։ Այդ սպասելիքները բավարարելու համար իշխանությունը ստացավ զգալի վստահության պաշար, որն արտահայտվեց Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմի վերցրած քվեների քանակով։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նոր իշխանությունը չունի գաղափարական, ծրագրային ու կադրային ռեսուրս հանրային սպասելիքները բավարարելու համար։ Անցած 1,5 տարին ասվածի վառ ապացույցն է։

Հանրային համախմբման ու նախկինից կուտակված խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները նոր խնդիրներ առաջացրեցին, որոնցից կարելի է առանձնացնել հանրության մեջ բաժանարար գծերի անցկացումը, թշնամանքի ու ատելության քարոզը, քաղաքական հետապնդումները, կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների տակ նեղ քաղաքական ու անձնական խնդիրների լուծումը։ Մենք տեսնում ենք ոչ վաղ անցյալի պատմության սուբյեկտիվ և ապօրինի մեկնաբանում, անցյալի խմբագրում և պատմության տենդենցիոզ շարադրանք։

Քաղաքական մենաշնորհին այժմ փոխարինելու է եկել մենիշխանությունը։ Այդ մենիշխանությանն ամբողջական տեսք տալու համար ապօրինաբար թիրախավորվում է դատական համակարգը։ Փորձ է արվում գրպանային դարձնել Սահմանադրական դատարանը։

Այս բոլոր գործընթացներն ուղեկցվում են ատելության խոսքով ու «ժողովրդի թշնամիների» կերպարի ձևավորմամբ, որը գալիս է իշխանական բուրգի գագաթից ու տարածվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով։ Կիրառվում են «բաժանիր, որ տիրես», ինչպես նաև «եթե հաց չկա, ապա պետք է տեսարաններով կերակրել ժողովրդին» տխրահռչակ տեխնոլոգիաները։

Ատելության խոսքը դարձել է պետական կառավարման ու ամբոխին մանիպուլացնելու գործիք։

«Ովքեր մեզ հետ չեն, ուրեմն մեր դեմ են» սկզբունքի շրջանակներում եթե իշխանություններին հաջողվի «բուդկայի» պես սեփականաշնորհել դատական իշխանությունը, ապա ակնհայտ է, որ հաջորդ թիրախը դառնալու է մյուս անկախ ու բավական կայացած ինստիտուտը՝ փաստաբանականը։ Եթե դա թույլ տան մեր հանրությունը և քաղաքական գործիչները, ապա մյուս թիրախը կդառնա կառավարության կողմից չվերահսկվող մամուլը, որին լռեցնելուց հետո մենք կստանանք դասական բռնապետական ռեժիմ։

Ունի՞ Հայաստանը նմանատիպ ռեժիմ պահելու ռեսուրս և ժամանակ։ Ակնհայտորեն՝ ոչ։ Նման ռեժիմ ստեղծելու փորձն անգամ կարող է թուլացնել պետությունը ներսից և լրջորեն վտանգել մեր անվտանգության համակարգը։

Հայաստանն այլընտրանք չունի, քան ազատ և ժողովրդավարական հարաբերությունների ձևավորումը, քաղաքական դաշտի արդիականացումը, մրցակցային շուկայական տնտեսությունը, կենսունակ քաղաքական դաշտը և անկախ մամուլի կայացումը։

Ատելության խոսքն ու թույնի մթնոլորտը պառակտում են մեր հանրությունը և զրկում արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունից։ Պետք է, ուրեմն, առողջ հանրային հարաբերություններ ձևավորել և արդիականացնել պետական կառավարման համակարգը, քաղաքական հարաբերություններն ու տնտեսական կյանքը։

Մեզ անհրաժեշտ է նոր որակի Հայաստան՝ նոր որակի լիդերությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: