Հայերեն   English   Русский  

​Սա պապուդ բանջարանոցը չէ, այլ երկիր է. Արմեն Ռուստամյանը՝ իշխանություններին


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ելույթը


  
դիտումներ: 526

Մենք կցանկանայինք, որ այն բոլոր խնդիրները, որ մենք այսօր այս ակումբում բարձրաձայնում ենք, այն շեշտադրումներով և այն կարևորությամբ, որ ներկայացվում են, կատարվեր խորհրդարանում, բայց դժբախտաբար դա մենք չենք տեսնում:

Այդ առումով կա բաց, որը պետք է լրացնել, և այս համաժողովը ես համարում եմ լավագույն հարթակը, և կարծում եմ այն պետք է շարունակվի:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Եթե այստեղ քննարկվող հարցերը մենք տանք իշխանություններին, իշխանություններն ի՞նչ պետք է պատասխանեին: Եթե հարցնենք, թե ինչու է արցախյան հակամարտության կարգավորումը փակուղում, կհավաստիացնեն, որ այդպես չէ և իրենք այս հարցում հինալի արդյունքների ենհ հասել: Հարցնեք, թե ինչու է դատական համակարգը վատ վիճակում՝ կպնդեն, որ այսպիսի ժողովրդավարություն բնավ չի եղել մեր երկրում, կասեն, որ «մենք ժողովրդի իշխանությունն ենք, մենք ժողովրդի մանդատն ունենք, նախկինում այսպիսի մանդատով իշխանություն չի եղել»:

Քանի դեռ իշխանությունները դուրս չեն եկել այսպիսի ինքնագոհ վիճակից, երկխոսության նշաններ չեն լինի: Երբ նրանց ասում ես, որ լուրջ խնդիրներ կան, նրանք, բովանդակության մասին մոռանալով, սկսում են ասողի անձը քննադատել՝ «նախկիններից», «սև» և այլն: Անհրաժեշտ է առարկայական քննարկումների հնարավորություն ստեղծել, լսել տարբեր տեսակետներ:

Թող մեզ էլ համոզեն, որ երբեք այսքան լավ չի եղել: Բոլոր իշխանությունները հենց այդպես էլ ասում են, և ոչ մի իշխանություն իր սխալները չի ընդունում: Անհնար է անվերջ նույն բանը կրկնել: Անհնար է էյֆորիայի ազդեցությամբ ճիշտ ընտրություն կատարել, իսկ հետո մտածել՝ իշխանությունից ինչպես ազատվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա՝ իրենց կուսակցությունն իշխանության գնահատման իր չափանիշն ունի. դա այն իշխանությունն է, որը երկրի տարածքային ռեսուրսը և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մարդկային ռեսուրսը ճիշտ է օգտագործում: «Բայց այնպիսի տպավորություն է, որ այլ ուղղությամբ ենք գնում, եթե ընդհանրապես գնում ենք: Անհասկանալի է, թե մենք տարբեր ուղղություններով ինչ ծրագրեր ունենք: Այնպիսի տպավորություն է, թե երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մի մարդու քմահաճույքով: Անհրաժեշտ է սթափվել: Սա պապուդ բանջարանոցը չէ, այլ երկիր: Իսկ այստեղ դատում են ըստ նրա, ով քանի կիլոմետր է գնացել, պաշտոն կստանա»,- նշեց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ 2018 թվականի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժողովուրդը հասկացավ, որ կարող է ոտքի կանգնել և իշխանություն փոխել կամ իր կամքը թելադրել իշխանություններին:

Արմեն Ռուստամյանը որպես բացասական օրինակ բերեց Լևոն Տեր-Պետրոսյանին. «Իշխանության եկավ 83 տոկոսով և որոշեց, որ իր պատմական առաքելությունն է իշխանությունը պահելը, և ստեղծեց իշխանության վերարտադրման համակարգեր: Վախենամ, հիմա էլ է նույնը տեղի ունենալու: Հիմա նրանք իրենց փրկիչներ են համարում և իրենց «չի կարելի խայտառակվել», այնպես անել, որ հաջորդ ընտրություններին ավելի քիչ ձայն ստանան, այսինքն՝ կսկսի գործել իշխանության վերարտադրման մեխանիզմը: Իշխանության են եկել ժողովրդի օգնությամբ և պետք է հեռանան ժողովրդի օգնությամբ՝ գիտակցված ընտրության միջոցով, այլ ոչ թե պաթոսի և էյֆորիայի»,-հավելեց Արմեն Ռուստամյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: