Հայերեն   English   Русский  

Ղարաբաղցուն ասել` Արցախը Հայաստան է, նշանակում է ասել` ես եմ քո վարչապետը․Հրանտ Մարգարյան


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ելույթը


  
դիտումներ: 404

Պատերազմի վտանգ կա՞ այսօր, այո կա, մենք պատրաստվու՞մ ենք պատերազմի, թե՞ չենք պատրաստվում, իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ հաղթե՞նք, թե՞ որ պարտվենք:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Խոսելով ներկա իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Մարգարյանը նկատեց, որ նրանք հասարակությանը պառակտման են տանում:

«Եթե մի ուժ ցանկանում է ժողովրդին հանել իրենից հնարավորություններով ավելի ուժեղ ուժի դեմ և հաղթել, ապա պետք է միասնականություն ստեղծի, հայրանեսիրություն ստեղծի, համախմբի, միասնական դարձնի: Մեր մեջ այդպե՞ս է, թե՞ օր օրի քայքայվում ու պառակտվում ենք: Այսօր մարդկանց բաժանում են սևի ու սպիտակի, ղարաբաղցու ու Հայաստանի քաղաքացու, էլ ուրիշ բաժանումների մասին չեմ ուզում խոսել, նվաստացնում են բոլորին, ով ելույթ է ունենում մի երկու անգամ, թալանի ու կոռուպցիայի հոդված են կպցնում նրան:

Կոռուպցիան ու թալանն այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է հետապնդվեն և հանցագործները պատժվեն, այլ դրանք տեռորի միջոց են դարձել: Մենք չենք կարող այս ձևով գնալ կռվի ու հաղթել, այսօր մենք ունենք վարկաբեկված սպայական կազմ, բանակ, որի մասին խոսում են միայն թալանի ու կոռուպցիայի համատեքստում, սպան կհաղթի՞ պատերազմում, եթե պայքարելու փոխարեն մտածի, որ իրեն վաղը դատելու են»,-ասաց նա:

Հրանտ Մարգարյան

Անդրադառնալով իշխանությունների վերաբերմունքին՝ արցախյան հարցի հետ կապված, Մարգարյանն ասաց.

«Ղարաբաղցուն ասել` Արցախը Հայաստան է, նշանակում է ասել` ես եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է: Վարչապետի այն հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ուղղված է ոչ թե ադրբեջանցիներին, ոչ թե աշխարհին, այլ հենց Արցախի ժողովրդին:

Երբ վարչապետը հայտարարում է` արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, հետո էլ ասում է, թե Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը նման բան չի ասել, ենթատեքստն այն է, որ ինքը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որը նախորդները պատրաստ չէին զիջել: Ես զարմանում եմ` էլ ինչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի, մյուսներն էլ` ոչինչ, բայց այս անորոշությունը պայքարող, մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարության կեցվածք չէ»,-հավելեց Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ ամենամեծ երևույթը, որ այսօր տեսնում է հասարակության մեջ, վախն է. «Ոչ անպայման վախ ֆիզիկական հալածանքից, այլ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց: Այդ վախն այսօր ավելի է կաշկանդում, քան` եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին: Իմ կոչն է` չվախենալ ոչ մի բանից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: