Հայերեն   English   Русский  

«Ես Հայաստանը չեմ տեսնում սև ու սպիտակ»․ Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 304

«Սա վերկուսակցական կառույց է, որը փորձում է համախմբել կուսակցություններին, մարդկանց որոշակի գաղափարների շուրջ։

Բայց ես նաև ԱԺՄ կուսակցության նախագահն եմ և անպայման վերականգնելու եմ իմ կուսակցությունը։ Նախատեսում եմ գարնան ամիսներին համագումար անցկացնել, և դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ»,-այսօր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերադառնում է քաղաքականություն։

Դիտարկմանը, թե իշխանական շրջանակների կողմից մեղադրանքներ են հնչում նախորդ իշխանությունների հետ կապված լինելու և նրանց հետ հանդիպումներ ունենալու վերաբերյալ, Մանուկյանն ասաց․

«Ես հանդիպումներ ունեցել եմ միշտ և հանդիպումներ ունենալու եմ միշտ։ Երբ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ կարճ ժամանակով, մենք հանդիպեցինք, խոսեցինք։ Ես հանդիպում եմ բոլորի հետ և կհանդիպեմ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ինքն ուզենա հանդիպել, կհանդիպեմ նաև Քոչարյանի հետ»։

Վազգեն Մանուկյանը լրագրողներին հորդորեց հանել իրենց միջից այն միտքը, որ կա մի չար դաշտ, որին չպետք է մոտենալ։

«Բոլոր մարդկանց մեջ կա և՛ սպիտակը, և՛ սևը։ Բոլոր այդ մարդիկ արել են և՛ հերոսություններ, և՛ բազմաթիվ սխալներ։ Դուք երիտասարդ եք, թույլ մի՛ թույլ տվեք, որ ձեզ խաբեն»։

Հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք այն բոլոր հարցերը, որ այսօր քննարկվում են այս համաժողովում, քննարկվեին Հանրային խորհրդի շրջանակներում, Վազգեն Մանուկյանն ասաց, որ Հանրային խորհրդի գործառույթների և ակումբի գործառույթների մեջ որոշակի տարբերություններ կան։

«Այստեղ հարցերն ավելի քաղաքականացված են ներկայացվում։ Բացի այդ, Հանրային խորհուրդն ունի առաքելություն այդ հարցերը քննարկել նաև վարչապետի հետ և նրան ներկայացնել առաջարկներ։ Օրինակ, Սերժ Սարգսյանի ժամանակ մենք նման քննարկումներ ունենում էինք փակ ֆորմատով, և այդ հանդիպումների ժամանակ բավականին սուր վեճեր էին լինում։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի հետ չհաջողվեց այդ ձևաչափը։ Օրինակ, ինձ համար շատ կարևոր է, որ երկրի ղեկավարը հստակ ձևակերպի, թե ինչպիսի՞ Հայաստան է ուզում կառուցել։ Եթե նա գար և մենք Հանրային խորհրդում քննարկեինք այդ հարցրերը, ապա շատ կոշտ խոսակցություն կունենայինք, ինչպես այսօր այստեղ։ Չեկավ, չունեցանք»։

Անդրադառնալով հարցին, որ վերջին շրջանում, որպես Հանրային խորհրդի նախագահ, արել է մի շարք քաղաքական հայտարարություններ՝ Մանուկյանն ասաց․

«Ես կոշտ գնահատականներ եմ տվել այն սխալներին, որոնք վտանգավոր են Հայաստանի համար։ Իսկ քաղաքականը համարում եմ այն, որ դու կա՛մ ընդդիմություն ես, կա՛մ իշխանություն և պայքարում ես իշխանությունը գցելու կամ իշխանությունը պահելու համար»։

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարո՞ղ են լինել այս ակումբում, թե ոչ։ Մանուկյանն ասաց, որ անձամբ է առաջարկել, որպեսզի այս համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվի նաև «Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» անդամներին։

Հարցին, թե որտեղի՞ց է ֆինանսավորվում ակումբի գործունեությունը, Մանուկյանն ասաց՝ մասնակիցների սեփական միջոցներով։

Արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այսօրվա իր ելույթում Մանուկյանը քննադատեց նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը, մինչդեռ այսօր մեկ սեղանի շուրջ նստած է նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ, ասաց․

«Դուք Հայաստանը բաժանում եք երկու մասի։ Ես իմ ելույթում ասացի, որ նախորդ իշխանությունների օրոք, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, եղել են շեղումներ, և ժողովրդի մոտ անվստահություն է առաջացել՝ այս պետությունն իրե՞նն է, թե ոչ։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ հանցագործ են և այդ մարդկանց հետ դու չպիտի նստես մի սեղանի շուրջ և քննարկես հարցեր։ Այնուամենայնիվ, Հայաստանում հաջողվեց ստեղծել սև ու սպիտակ, և ես ցավում եմ, որ դուք մամուլի ներկայացուցիչներ եք, երիտասարդ, բայց Հայաստանը տեսնում եք սև ու սպիտակ։ Ես Հայաստանը չեմ տեսնում սև ու սպիտակ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: