Հայերեն   English   Русский  

Մենք գտնվում ենք մեր պետության զարգացման հավանաբար ամենավտանգավոր փուլում․ Դավիթ Շահնազարյան


  
դիտումներ: 276

Մեզ բոլորիս այստեղ հավաքել է տագնապի աստիճանի հասնող մտահոգությունը, որովհետև մենք գտնվում ենք մեր պետության զարգացման հավանաբար ամենավտանգավոր փուլում, անցյալում, իմ գնահատմամբ, նման վտանգավոր փուլ չի եղել:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

«Նախկին կարծես արդեն ավանդական դարձած վտանգներին ու սպառնալիքներին, որոնք սրվել են վերջին 1,5-2 տարվա ընթացքում, ավելացել են արտաքին քաղաքական տարածաշրջանային նոր որակի վտանգներ ու սպառնալիքներ, բայց ես այդ մասին այսօր չեմ խոսի, ինչպես նաև չեմ խոսի արտաքին քաղաքական հարցերի շուրջ, կխոսեմ մեր անվտանգության, Հայաստանի ու Արցախի անվտանգության առանցքային խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ներկայիս իշխանությունները բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել, այդ հակամարտության վերաբերյալ, մեկն եմ ուզում առանձնացնել, համարում եմ, որ դա կարևոր է և բովանդակություն ունի. Դա այն է, որ ներկայիս իշխանությունը կարգավորման հարցը կամ բանակցային գործընթացը ոչ թե սկսում է այն կետից, ուր հասել էինք 2018 թվականի մայիսին, այլ մեր և իր կետից: Իսկ ի՞նչ վիճակ էր 2018 թվականին: Բանակցային սեղանին էր գտնվում օրակարգային 1 հարց, խոսքը ամբողջ շփման գծում միջոցառումների մասին է: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կային միջազգային հանրության երեք նախաձեռնություններ՝ ամբողջ շփման գծում հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում, հրադադարի ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմների ստեղծում: Ստացվում է, որ օրակարգում էր միջազգային տարրերի ներդրման հարցը, սա մեզ համար չափազանց ձեռնտու էր: Այս օրակարգը կար արդեն 2014 թվականից, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դարձավ միակը: Այդ ժամանակ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ երկրների իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ կապված շփման գծում իրավիճակի հետ և փորձ արվեց մտցնել միջազգային կարգավորման տարրեր, ինչն էլ ընդունված է անվանել Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգեր: Կարգավորման տեսակետից 2007 թվականին հայտնվել է Մադրիդյան փաստաթուղթը, որը հանրությունը բացասաբար ընդունեց: Բայց պետք է հասկանալ, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները, որոնք այդ ժամանակ են հայտնվել, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը զգալիորեն փոխել են: Փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտությունը որակապես առանձնացրել է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից, այդ թվում՝ Վրաստանում, Մերձդնեստրում, Ուկրաինայում:

Նման դեպքերում միջազգային հանրության դիրքորոշումը հստակ կողմնորոշվել է դեպի տարածքային ամբողջականության սկզբունք: Դրանից բացի, կարևոր է այն փաստը, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը հետևում էին մեկ դիրքորոշման, իսկ Ադրբեջանը՝ այլ: Այսօր Ադրբեջանն ու միջազգային հանրությունը մի դիրքորոշում ունեն, իսկ Հայաստանը՝ այլ, ինչի մասին 2 անգամ խոսել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Սա մեզ համար անչափ լուրջ սպառնալիք է, և Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ է ստացել ապագա ռազմական գործողությունների արդարացման համար: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ որևէ միջազգային միջոցառման ժամանակ բանակցությունների սեղանին կարող է հայտնվել մեզ համար անընդունելի փաստաթուղթ, որի վրա մենք առավելագույնը կարող ենք վետո կիրառել և ստանալ «Լիսաբոն 2»: Բացառված չէ, որ առաջիկայում այդպիսի փորձ է իրականացվելու Բրատիսլավայում»,- ասաց Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների նոր բանակցային կետը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինքնորոշման սկզբունքի մասին չի խոսվում, և անգամ եթե խոսվում է, ապա դրան հաջորդում են այդ սկզբունքին հակասող հայտարարություններ: «Խոսք չկա նաև 3 սկզբունքների մասին, և դրանք, ըստ էության, մերժվում են: Ինքնորոշման սկզբունքը պետք է դրվի բանակցությունների հիմքում, և պետք է բացառել դրան հակասող ցանկացած հայտարարություններ, օրինակ՝ «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար», կամ «Արցախը Հայաստան է, և վերջ», կամ «պետք է հանրաքվե անցկացնել»»,- պարզաբանեց Շահնազարյանը:

Նա նշեց, որ ամբողջ հայ ժողովրդի կարևորագույն խնդիրը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ սա մեր ամբողջ ժողովրդի անվտանգության հարցն է: «Դրանից բացի, անհրաժեշտ է բացառել փաստաթղթի քննարկումը, որում նշված չի լինի, որ Արցախը դառնալու է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, և որում չի գրանցվի Արցախի քաղաքական կարգավիճակը: Անհրաժեշտ է նաև վերադարձնել Ժնևի, Վիեննայի և Պետերբուրգի օրակարգերը: Այս ամենին հնարավոր է հասնել միայն միավորվելով, որ հանրությունն այս հարցերը ընկալի որպես առաջնահերթություն՝ հաշվի առնելով, որ անընդհատ ի հայտ են գալիս կեղծ օրակարգեր»,- հայտարարեց նա:

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ իշխանափոխությունից հետո հարձակումներ սկսվեցին վերջին տարիներին ձևավորված ինստիտուտների վրա, և այն ամենը, ինչն անընդունելի է, խրախուսվում է, ու հարվածի տակ են հայտնվում ոչ միայն դպրոցը, եկեղեցին, մշակույթը, այլ նաև մյուս կառույցները, որոնք կամ ավերված են, կամ ծառայում են մեկ մարդու շահին: «Այդ ինստիտուները պետք է ծառայեն արցախյան խնդրի լուծմանը: Այն, որ դրանք ավերվել են, նկատելի դարձավ Աշգաբադում, և բրիտանական ալիքով ԱԳ նախարարի մամուլի ասուլիսում:

Այսպես կոչված, նոր Հայաստանը պատերազմ է հայտարարել ստեղծված դրական ամեն ինչին և մերժում է ամեն հինը: Ի՞նչն է մերժում: Հին Հայաստա՞նը, որն ապահովել է Արցախի անվտանգությունը և հակառակորդին հրադադար է հարկադրել, որն ապահովել է համաժողովրդական մոբիլիզացիան և միավորումը: Ես համոզված եմ, որ ներկայիս իշխանությունները երկիրը ձախողման են բերել: Մենք պետք է խորքային պետություն ստեղծենք: Վստահ եմ, որ մենք այս վիճակից դուրս կգանք, չնայած ոչ առանց կորուստների, և ավելի ուժեղ կլինենք: Չկա նոր Հայաստան, կա Հայաստան, որը գալիս է Հայկից, որը կարող է աշխարհին զարմացնել: Միայն ազգային, ժողովրդավարական պետություն ստեղծելու, էվոլյուցիոն վերափոխումների ճանապարհով Արցախի հետ միասին մենք կկարողանանք դառնալ ազդեցիկ տարածաշրջանային ուժ և արևելյան ու արևմտյան հարևաններին խաղաղություն հարկադրել»,- հավելեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: