Հայերեն   English   Русский  

Մեր իրականությունում տեղի ունեցողը կարելի է պայմանականորեն անվանել ֆուտուրիստական իրավաբանություն․Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 1312

Ես կարծում եմ անցյալ տարվանից մեր իրականությունում տեղի ունեցողը կարելի է պայմանականորեն անվանել ֆուտուրիստական իրավաբանություն:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» ակումբում իր ելույթում նշեց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանն իր ելույթում նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, մեր երկրում նման ակումբի կարիքը կա, որտեղ կկազմակերպվեն քննարկումներ:

«Այսօր մի շարք կազմակերպություններ կան, որ պետք է իրականացնեն այդ առաքելությունը, բայց կամ չեն իրականացնում, կամ բավարար արդյունավետությամբ չեն իրականացնում: Կանաչ ճանապարհ եմ մաղթում այս նախաձեռնությանը»,-դիմելով ակումբի հիմնադիր-նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ասաց Մելիքյանը:

Խոսելով իր առաջարկած նոր տերմինի՝ ֆուտուրիստական իրավաբանության մասին՝ Մելիքյանն ասաց. «Մի քանի սկզբունքներով է այն գործում. առաջինը՝ անսկզբունքայնություն՝ սկզբունքայնության փոխարեն, առօրեականություն՝ համակարգվածության փոխարեն, էկլեկտիզմ՝ տրամաբանության փոխարեն, էֆեկտ՝ էֆեկտիվության փոխարեն: Այս սկզբքունքների լույսի ներքո կարող ենք բազմաթիվ իրադարձություններ քննարկել և գնահատել:

Մայիսի 20-ին դատարանների արգելափակումը լիովին տեղավորվում էր ֆուտուրիստական իրավաբանության շրջանակներում, որովհետև պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարաններն արգելափակվեն, մի քանի ժամ մուտք գործելու հնարավորություն չունենան: Շատ հետաքրքիր է, որ այդ ակցիային մասնակցող մարդիկ, որոնք պատգամավոր չեն եղել, թաղապետարանի աշխատողներ չեն եղել, ժողովրդի ներկայացուցիչներ են եղել, հիմնականում այն դատարչաններն են արգելափակել, որոնց որոշումներից դժգոհություն են ունեցել: Այս քայլի դեմ մի քանի քրեական գործեր հարուցելու միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են այն հիմքով, որ այո, եթե անգամ ընդունենք, որ ձևական առումով այստեղ խախտվել է օրենք և այն համապատասխանում է քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հանցակազմերի, միևնույն է, այստեղ հանցագործություն չկա, որովհետև բովանդակային առումով չկա հանրային վտանգավորություն: ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը, և մենք հիշում ենք, որ ԲԴԽ կազմից մեկ անդամ նույնիսկ պաշտպանեց այդ միջոցառումը:

Այստեղ ևս կա ֆուտուրիզմ, որովհետև դա նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց, հետո մի քանի ժամից հետ վերցրեց»,-ասաց Մելիքյանը:

Ֆուտուրիստական իրավաբանության հաջորդ դրվագն, ըստ Մելիքյանի այն էր, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակեց:

«Դժվար է գտնել այդպիսի դեպք, երբ մարդը ստանձնի ՍԴ դատավորի պաշտոնը եւ ինքնահռչակվի ՍԴ նախագահ: Հետո ինչ-որ ֆուտուրիստական տեսություն առաջ քաշի ՍԴ անդամ-դատավորի հետ կապված, եւ անմիջապես ինչ-որ մի խումբ լծվի այդ տեսությունը հիմնավորելու գործին, պարզվի, որ ՍԴ-ում ճգնաժամ է, որը 2-3 ամիս առաջ որեւէ մեկին հայտնի չէր: Հայտնի պատգամավորներն էլ ասեն, որ եթե դա ՍԴ նախագահին դուր չի գալիս դա, թող դիմեն վարչական դատարան: Այս ամենն անհետևանք չի մնում: Օրինակ, 2015-ի Սահմանադրությամբ վերահսկիչ պալատը դարձել է վերաքննիչ պալատ եւ այստեղ էլ անցումային դրույթներ կան, եւ չի բացառվում, որ վաղը այս հարցն էլ բարձրացվի: Այս պահին էլ կա քներական գործ, որտեղ Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության նախկին պետը այդ հիմքով դիմել է դատարան եւ պնդում է, որ Պալատի նախագահը լեգիտիմ չէ, որովհետև Սահմանադրությունը փոխելուց հեռտո այսպիսի խնդիր է առաջացել: Ֆուտուրիզմը ունենում է հետեւանքներ»,-ասաց նախկին օմբուդսմենը:

Հաջորդ աղմակահարույց կալանավորումը, որին անդրադարձավ նախկին օմբուդսմենը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրգործն է և նրանց կալանավորմանը.

«Երբ ՍԴ դատավորի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել, անգամ ոտնձգության ինտենսիվությունն ավելի մեծ էր, որովհետև ֆիզիկական միջամտություն էր եղել, հայհոյանքներ էին եղել, դրա հետ կապված որևէ քրգործ չհարուցվեց: Իսկ այս դեպքում ոչ միայն քրգործ հարուցվեց, այլ նաեւ միանգամից վերաորակում տեղի ունեցավ մի այնպիսի հոդվածով, որ պետությունը կարող է կիրառել կալանք: Այդ հոդվածը այն է, որ երիտասարդների հնչեցրած հարցը արդարադատության իրականացմանը խոչընդոտ է: Փաստորեն այդ հարցը լսելուց հետո դատավորը այլեւս չի կարող պատշաճ ձեւով իրականացնել արդարադատություն: Եթե խոսքը լիներ դատավորի նկատմամբ վիրավորանքի մասին, կարելի էր դա քննարկել, բայց արդարադատության իրականացմանը խոչընդոտել համարելը ֆուտուրիզմի «վերին պիլոտաժ» է: Հետո զարմանում են, որ նրանց համարում ենք քաղբանտակյալ: Նրանցից մեկը բառ անգամ չի ասել: Ինչպես կարելի է ֆուտուրիզմ չհամարել այն գործը, որ հարուցվեց Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա, այնպիսի արարքի համար, որը մի շարք այլ անձնաց է վերաբերում: Որ պատգամավորից այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, որը կարելի է տարածել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից պատգամավոր դառնալու գործընթացի մասով: հետո այս գործը սահուն անցում կատարեց Արսեն Բաբայանի մասով, նրան մեղադրանք առաջադրվեց ՍԴ-ում իշխանության յուրացման համար: Այն դեպքում, երբ եթե խոսք է գնում ՍԴ իշխանության մասին, մենք պատկերացնում ենք այն որպես ինստիտուտ, ոչ թե մեկ անդամ, այն պարագայում, երբ ՍԴ նախագահը որեւէ լրացուցիչ սահմանադրական լիազորություն չունի մյուս ադատավորներից:

Դա նույն բանն է, որ մեկը մյուսին գրիպով վարակի եւ սպանության հանցակազմով գործ հարուցեն ու լուրջ դեմքով ասեն՝ պետք է քննենք, տեսնենք՝ հանցակազմ կա, թե չկա, հետո հերոսական երաշխավորագրով ազատ արձակեն»:

Մելիքյանը նշեց, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ նախագիծը եւս ֆուտուրիստական տարրեր է պարունակում. «Վենետիկի հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ այստեղ ոչ մի դեպքում չի կարող լինել կամավորության սկզբունքից շեղում: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշումներ կան թե ՍԴ նախագահի, թե այլ դատավորների մասով: Սա կոռուպցիոն մեխանիզմ է, որ մեզնից հավաքած հարկերը պետք է գնան ոչինչ չանող մարդկանց: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախկինում երկար քննարկվել էր, որտեղ պրոֆեսիոնալիզմի համար լուրջ երաշխիքներ էին նախատեսվել: Իշխանությունները հիմա ամբողջությամբ քաղաքական են դարձնում այս մարմինը, նրանց տալիս են բազմաթիվ այլ լիազորություններ, հետո փորձում են ներկայացնել, թե կա առաջընթաց կոռուպցիայի կանխարգելման հարցում: Իրերն իրենց անունով կոչելուց հետո պետք է ինչ-որ բաներ մշակել, որոնք անտիդոտներ լինեն այս ամենին: Մեր իրավաբանությունը բավական լուրջ դիմադրություն է ցույց տալիս այս ֆուտուրիստական իրավաբանությանը»,-ընդգծեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: