Հայերեն   English   Русский  

​Հայաստանցի ՏՏ աղջիկները՝ եվրոպական ամենամեծ համաժողովում


  
դիտումներ: 112

Նոյեմբերի 13-14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում արդեն երկրորդ անգամ կայացավ Perspektywy Women in Tech համաժողովը, որը կանանց եւ տեխնլոհգիաներին նվիրված ամենամեծ նախաձեռնությունն է ողջ Եվրոպայում: Այս տարի համաժողովն ուներ 6350 մասնակցի աշխարհի 52 երկրներից՝ այդ թվում եւ մոտ 20 հոգանոց պատվիրակություն Հայաստանից:

Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը համաժողովի խոսնակների կազմում էր եւ հանդես եկավ մի պանելային քննարկման ընթացքում, որի թեման էր՝ "Ինչպես նպաստել, որպեսզի տեխնոլոգիաները փրկեն աշխարհը":

"Այսօր համաժողովի խոսնակներից մեկն արդարացիորեն նշեց, որ տեխնոլոգիաները ոչ լավն են, ոչ էլ վատը, դրանց արժեքը կայանում է նրանում, թե որտեղ եւ ինչպես ենք մենք դրանք կիրառում: Հետեւաբար տեխնոլոգիաները զարգացնելու բացառիկ առաջնահերթությունը պիտի լինի մարդակենտրոն էությունը", - նշեց Պապոյանը:

Դեռ այս տարվա ապրիլին Հայաստանի հետ համագործակցության նպատակով լեհական Perspektywy կրթական հիմնադրամը կապ էր հաստատել Girls in Tech-ի հայկական մասնաճյուղի հետ: Համագործակցութան արդյունքում Girls in Tech Հայաստանը դարձավ համաժողովի պաշտոնական գործընկերն ու նախաձեռնեց ուսանողական մրցույթը, որպեսզի լավագույնները հնարավորություն ստանան մասնակցելու եվրոպական մեծ համաժողովին:

Լեհական մրցույթից բացի՝ Girls in Tech Հայաստանը արդյունավետ համագործակցություն ունեցավ նաեւ Synopsys Հայաստանի հետ՝ կազմակերպելու մեկ այլ տեղական մրցույթ՝ բացահայտելով ինժեներության մեջ ներուժ ունեցող իգական սեռի ուսանողներին: Մի քանի բավական բարդ փուլեր հաղթահարելուց հետո մոտ 6 տասնյակ դիմորդների մեջ բացարձակ արդյունք ունեցան Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողուհի Անետա Բալոյանը եւ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողուհի Սոֆիյա Չոբանյանը, ովքեր նույնպես որպես մրցանակ ստացան այս կարեւոր համաժողովին մասնակցելու հնարավորություն:

Perspektywy Women in Tech համաժողովն այս տարի իր հարկի տակ հավաքել էր տեխնոլոգիաների առաջատար մասնագետների եւ ընկերությունների՝ աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում ՏՏ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Facebook-ը, Google-ը, Amazon-ը, Microsoft-ը, INTEL-ը, Cisco-ն, Ericsson-ը եւ այլ ընկերություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: