Հայերեն   English   Русский  

«Եթե պետք է, դատապարտեք, սակայն դադարեցրեք խեղկատակությունը: Դա քաղաքական վենդետա է»․Ռուբեն Հակոբյան


Ելույթ «Վերնատուն» ակումբի համաժողովում


  
դիտումներ: 244

Այսօր Հայաստանում քննարկվում է, թե ինչ տեղի ունեցավ 1,5 տարի առաջ:

Դա իսկապես հեղափոխությու՞ն էր, թե՞ Հայաստանից դուրս ինչ-որ գրասենյակում գրված սցենար:

Այս մասին «Վերնատուն» ակումբի համաժողովում ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ անգամ ակումբի ներսում, երբ քննարկում են այս հարցը, միանշանակ եզրահանգման չեն կարողանում գալ:

«Այն համակարգը, որը դիտվում էր կոշտ ավտորիտար, կոշտ հեղինապետություն, այդ համակարգի ժամանակ՝ 3-4 տարի առաջ, Ամանորի նախօրյակին երբ փորձ արվեց Հանրապետության հրապարակում տոնածառ տեղադրել, թեթև դիմադրության պատճառով ձերբակալվեց երիտասարդ, որը դատապարտվեց 2-3 տարի ժամկետով:

Բայց ստացվում է մի քանի տարի հետո 250-300 հոգի կարողացան գրավել ռազմավարական նշանակության պետական պահպանության տակ գտնվող օբյեկտ՝ Ռադիոյի տունը, կարողացան հրել զինված մարդուն, կոտրել սնեյակներից մեկի դուռը և ուղիղ եթեր պահանջել: Նույնիսկ միջազգային օրենքներով պահպանությանը կարելի է անել ամեն ինչ, եթե հարձակում է կատարվում պետական պահպանության տակ գտնվող օբյեկտի վրա: Մինչև հիմա պատասխան չկա, թե սա ինչ էր, ուստի ցանկացած վերլուծություն գոյության իրավունք ունի»,- ասում է Հակոբյանը:

Ըստ նրա՝ աշխարհի մի շարք երկրներում կատարվող նմանատիպ գործողությունների առաջին արարը համապատասխանում է նրան, ինչ կատարվեց Հայաստանում:

«Բայց երկրորդ մասն ավելի վտանգավոր է, հատկապես խորհրդային երկրներում այդպիսի երկրները տարածքներ են կորցրել, օրինակ՝ Վրաստանը և Ուկրաինան: Այս համատեքստում նկատենք, որ Արցախի հարցն իսկապես մտել է փակուղի մտել: Կարևոր չէ, թե իշխանությունները ինչ ներբողներ են երգում: Փաստն այն է, որ հարցը փակուղում է: Իշխանությունները ընդդիմադիր պոպուլիզմը մտցրել են քաղաքական բառապաշար: Ասվեց, որ պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը կբավարարի երեք ժողովուրդներին, անկեղծ ասած սա ասվում էր եվրոպական ականջի համար, և պատահական չէ, որ Եվրոպան ծափահարեց «խաղաղության աղավնուն»: Բայց եթե աշխարհում գտնվի մի մարդ, որը կբացատրի գործնական լուծումը, որը կբավարարի երեք կողմերին, ես շնորհակալ կլինեմ: Բայց կես մարդ էլ չի գտնվի, այդ թվում ՝ այս խոսքերի հեղինակն էլ չի կարող»,- ասում է Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը նույնպես թելադրված էր այսրոպեական պոպուլիստական նկատառումներով:

«Լավրովը ճեպազրույցում 4 րոպեում 2 անգամ մեջբերեց Նիկոլ Փաշինյանին: Բայց ոչ մի բառ ինքնորոշման մասին: Իրականում այս արտահայտությունը մանեւրելու մեծ դաշտ է բացում՝ համանախագահների, Ադրբեջանի եւ մեր ռազմավարական դաշնակցի համար: Սա լուրջ ծուղակ է»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ներքաղաքական իրավիճակում անհրաժեշտ է անցյալ տարիներին քաղաքական գնահատական տալ, այլ ոչ թե ամեն ինչ հերթով մի կողմ նետել:

«Հայաստանի ողնաշարը կոտրվել է 1995-96 թվականների ընտրություններով, երբ ժողովրդին ձայնի իրավունքից զրկեցին: Նրանք, ովքեր ահաբեկել են ժողովրդին, դարձել են դրության տերը: Կարելի էր դրան քաղաքական գնահատական տալ ու անցնել առաջ»,- նշեց Հակոբյանը՝ արձանագրելով, որ իշխանությունները դրա փոխարեն թիմ են ստեղծում նրանց հետ, ովքեր դա արել են:

Ընդ որում՝ զարգանում է քաղաքական դալտոնիզմը՝ կամ սեւ, կամ սպիտակ, նշեց Ռուբեն Հակոբյանը՝ հիշեցնելով 90-ականներին տարածված արտահայտությունը. «Թեկուզ պոլի փետ, բայց միայն ՀՀՇ-ից: Հիմա՝ թեկուզ պոլի փետ, բայց նրանցից, ովքեր «քայլել» են: Եվ այս խայտառակությունը ղեկավարում է վարչապետը»:

Խոսելով դատական համակարգի իրավիճակի մասին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց իշխանությունների ճաշակով որոշումների ընդունումը:

«Իսկ նրանք, ովքեր դա չեն անում, պատկանում են «վնգստացողների» թվին: Կարդացեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը»,- ասաց Հակոբյանը:

«Չեն «վնգստում» նրանք, ովքեր փորձում են ենթարկեցնել դատարանները, նրանք, ովքեր գործիք են դարձել, նրանք, ովքեր փաստաբաններին զրկում են վերջին խոսքի իրավունքից, որպեսզի քաղաքական պատվեր իրականացնեն, ԲԴԽ նախագահը պետք է ապահովի դատական անկախությունը, սակայն վերածվել է գործիքի»,- թվարկեց Հակոբյանը:

«Երկրում կան քաղբանտարկյալներ՝ Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը: Կա քաղաքական պատանդ՝ հանրապետության երկրորդ նախագահը: Նիկոլ Փաշինյանն ամբողջ համակարգը գերի է վերցրել»,- հայտարարեց Հակոբյանը՝ նշելով, որ դեռեւս ամրակուռ է Սահմանադրական դատարանը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ:

Նրա խոսքով՝ ցավոք, ատելություն եւ անհանդուրժողականություն է ծնում 2016-ի իրադարձությունների հետաքննության հարցով խորհրդարանական հանձնաժողովը: Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ Փաշինյանը, երբ ընդդիմադիր գործիչ էր, հայտարարում էր ապրիլյան պատերազմին Ռուսաստանի ներգրավվածության մասին:

«Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ հարցը: Եթե դա իսկապես այդպես է, ապա անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ դա երկրի համար վտանգավոր դեմագոգիա է եղել, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա»,- հայտարարեց Հակոբյանը՝ հանձնաժողովին եւ խմբակցություններին կոչ անելով անհապաղ քննարկել հարցը:

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց ազատ արձակել քաղաքական պատանդներին: «Իրավական ծաղրանկարը հարված է հասցնում պետությանը»,- հայտարարեց Հակոբյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին: Ընդ որում, նա կոչ արեց թափանցիկ դատական քննություն անցկացնել. «Եթե պետք է, դատապարտեք, սակայն դադարեցրեք խեղկատակությունը: Դա քաղաքական վենդետա է»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չի ցանկանում օգտագործել վարչապետի, քաղաքական «մաչոյի» բառապաշարը, եւ առաջարկեց դադարեցնել ատելությունն ու անհանդուրժողականությունը, որը ձեռնտու է հակառակորդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: