Հայերեն   English   Русский  

​Սահմանադրական բարեփոխումը չստացվեց. Թբիլիսիում վերստին զանգվածային ցույցեր են


Վրաստանի խորհրդարանը հավանություն չտվեց սահմանադրական փոփոխություններին, որոնք վերաբերում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելուն:


  
դիտումներ: 434

Հինգ ամիս էլ չանցած՝ Վրաստանի մայրաքաղաքում բարձրացել է երկրորդ զանգվածային ընդվզման ալիքը: Եթե հունիսին Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև հավաքված մարդիկ բողոքում էին

Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում ռուսական պատվիրակության և դրա ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ներկայության դեմ, ապա հիմա պատճառը ընտրությունների սահմանադրական փոփոխությունների տապալումն է Վրաստանի խորհրդարանում:

Տարաձայնություններ իշխող կուսակցությունում

Հանրահավաքները բռնկվեցին, երբ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երեկ տապալեց սահմանադրական փոփոխությունը, որով նախատեսվում էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով և զրոյական ընտրական արգելքով: Այդ գաղափարն առաջարկել է իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին դեռ հունիսին, երբ երկրում բռնկվել էին զանգվածային ցույցերը:

«101 պատգամավոր կողմ է, 3-ը՝ դեմ: Քվորումի համար անհրաժեշտ է 113 պատգամավոր: Այսքան ձայները բավարար չեն որոշում ընդունելու համար»,- արձանագրեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:

Մինչև քվեարկությունը երկու օր խորհրդարանում թեժ բանավեճեր էին ընթանում, որոնց ընթացքում պարզվեց, որ իշխող կուսակցության ոչ բոլոր պատգամավորներն են համաձայն օրենքի նախագծին, որը մշակել էին կուսակիցները: Հիմնականում դեմ էին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները: Նրանց գլխավոր փաստարկն այն էր, որ տարածաշրջանները կորցնում են կապը կենտրոնի հետ, որի հետևանքով գյուղացիները չեն կարողանա իրենց խնդիրները հասցնել իշխանություններին:

Բոլորը դեպի փողոց

Հենց որ հայտարարվեցին քվեարկության արդյունքները, ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչ արեցին կողմնակիցներին դուրս գալ փողոց: Խոսքը վերաբերում է մասնավորապես նախկին նախագահ Միախայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, նախկին նախագահի ոխերիմ հակառակորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորած «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» քաղաքական դաշինքին և «Վրաստանի հայրենասերների դաշինքին», որը հանդես է գալիս Սահակաշվիլու վարչակարգի դատապարտմամբ:

«Այսօր մեզ բոլորիս խաբեցին: <…> «Վրացական երազանքի» պատգամավորները, որոնք տապալեցին օրենքի նախագիծը, առաջին հերթին խաբեցին վրացի ժողովրդին, երկրի բնակչությանը, բոլոր քաղաքական կուսակցություններին և անգամ իրենց թիմի անդամներին, որով ծանր քաղաքական և պետական ճգնաժամ առաջացրին»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Հանրահավաքում ընդդիմադիրները հայտարարել են իրենց առաջին պահանջը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել համամասնական ընտրակարգով, քանի որ կարծում են՝ հենց այդ կարգը առավել ազնիվ կարտահայտի հասարակության տրամադրությունները օրենսդիր մարմնում: Սակայն այդ պահանջ արդեն մերժել են իշխող կուսակցությունում: Խորհրդարանի նախկին խոսնակ, «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների մասին «խոսք անգամ չի կարող լինել»:

Արդյունքները

Սահմանադրական փոփոխությունների տապալումը թանկ նստեց նաև իշխող կուսակցության համար: Անմիջապես «Վրացական երազանքը» լքեց ութ պատգամավոր: «Պահպանողականներ» խմբակցությունը, որ մտնում է խորհրդարանական մեծամասնության մեջ, հայտարարել է, որ ուրբաթ՝ այսօր, կհայտնի իր որոշումը՝ հեռանալ, թե ոչ իշխողների շարքերից: ԶԼՄ-ներում արդեն գրում են այն մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը փլուզվում է, թեպետ իշխանության ներկայացուցիչները կտրականապես հերքում են դա:

«Միասնական ազգային շարժումն» արդեն ծանուցել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա կիրակի խորհրդարանի շենքի մոտ: Նույն օրը Հանրապետության հրապարակում՝ խորհրդարանի շենքից ոչ շատ հեռու, իր բողոքի ցույցը կանի «Վրաստանի հայրենասերների դաշինքը»:

Համաձայն Վրաստանի գործող սահմանադրության՝ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են 2020 թվականի հոկտեմբերին, պետք է անցկացվեն ավանդական խառը համակարգով. 77 պատգամավոր պետք է ընտրվի համամասնական ցուցակներով, իսկ 73 պատգամավոր՝ մեծամասնական կարգով: Ուշագրավ է այն փաստը, որ արդեն 2024 թվականին ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով, սակայն մի տարբերությամբ՝ ընտրական շեմը կազմելու է 5 տոկոս:

Աղբյուրը՝ ՏԱՍՍ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: