Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանի անուրջները և իրականությունը. Ավետիք Չալաբյան


Ավետիք Չալաբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 91

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի գործունեությանը։ Ավետիք Չալաբյանը գրում է.

Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական "հերոսը" նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երեւակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց կողքով։ Ստիպված շաբաթն ավարտում եմ նրանց հակիրճ անդրադարձով, եւ հետեւանքների մասին որոշ խորհրդածությամբ՝

ա) Շաբաթվա սկզբին անդրադառնալով նույն այդ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Փաշինյանը (ըստ լուրերի) հայտարարել է, որ եթե նույնիսկ տաս հազար մարդ էլ դուրս գա փողոց, դա իր համար հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար։ Նա, թերեւս մոռացել է իր իսկ խոստումը, որ իր թիմով եկել է ժողովրդին ծառայելու, եւ որ օրը ժողովուրդն այլեւս չցանկանա այդ ծառայությունը, նա կհեռանա։ Արայիկ Հարությունյանի հետ կապված իրավիճակը լավ հնարավորություն է կատարելու իր խոստումը, եւ չսպասելու, որ այդ տաս հազարը հարյուր հազար դառնա, առավել եւս, որ բողոքողների թիվը փողոցում օր օրի աճում է։

բ) Մեկնելով Փարիզ Խաղաղության կոնֆերանսին, վարչապետ Փաշինյանը նորից սկսել է առաջ մղել իր տարօրինակ (մեղմ ասած) միտքը, որ Արցախի հարցի լուծումը պետք է համապատասխանի նաեւ Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Այս կեղծ "ժողովրդավարությունը" ընդամենը պրիմիտիվ պրոպագանդիստական հնարք է, ոչ մի իրական արժեք չունեցող, պատահական չի, որ Ադրբեջանը դրան չի արձագանքում, փոխարենը հայտարարում է նոր սպառազինությունների մեծաքանակ գնումների մասին (որին սակայն չի արձագանքնում վարչապետ Փաշինյանը)։ Գնալով ավելի հեռուն, վարչապետ Փաշինյանը նաեւ Փարիզում ակնարկել է, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի հետ, եթե ցանկանում է, որ այն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ՝ սա լրիվ նոր շրջադարձ է իր բանակցային ռազմավարության մեջ, չեմ զարմանա, որ վաղը Ադրբեջանը օգտվի այդ պարադոքսալ մտքից, եւ ընդհանրապես դուրս գա Հայաստանի հետ բանակցություններից, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

գ) վերադառնալով Հայաստան, վարչապետ Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ իր գործունեության արդյունքում "արտագաղթը նվազել է 90%-ով"։ Տառացիորեն դրանից մի քանի օր առաջ, նրա ենթակայության տակ գործող ԱՎԾ-ն հրապարակել է արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն արտագաղթն աճել է 35%-ով։ Սա խիստ ցավալի իրողություն է, որը կարող էր լուրջ առիթ լիներ վարչապետի համար՝ անկեղծորեն քննարկել արտագաղթի աճի պատճառները, փոխարենը նա հերթական անգամ անհեթեթ հայտարարություններով փորձեց ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

դ) Փորձելով պայքարել "գողական բարքերի" դեմ (ինչը ինքնին ողջունելի է), վարչապետը որոշեց հերթական անգամ "պատերին ծեփել եւ ասֆալտին փռել" բոլոր այն պատգամավորներին, որոնք կփորձեն խոչընդոտել համապատասխան օրենքի ընդունմանը։ Վարչապետի թեթեւ ձեռքով, պատերին ծեփելը կամ ասֆալտին փռելը ընդհանրապես դարձել է մեր երկրում քաղաքակիրթ բարքեր հաստատելու հիմնական մեթոդը, պատահական չէ, որ նրան պաշտպանող անդեմ ֆեյքերը առանց հայհոյանքի ու սպառնալիքների եւս չեն կարողանում արձագանքել ընդդիմախոսների գրառումներին (հիմա էլ չեմ զարմանա տեսնել նրանց սեփական մտքի գոհարների հերթական ալիքը այս գրառման տակ) :

ե) Եթե այս ամենը քիչ էր, հինգշաբթի օրը Կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարականի դիմաց պաշտոնական կաշառք առաջարկելու մասին սկանդալային օրենքի նախագիծը։ Թեեւ մասնագետները բազմիցս էին զգուշացրել, որ սա խայտառակ գաղափար է, իսկ ՍԴ որոշ դատավորներ էլ արդեն իսկ կոշտ արտահայտվել են սրա դեմ, վարչապետ Փաշինյանը այնուամենայնիվ որոշեց փորձել բախտը, եւ պաշտոնական կաշառք առաջարկել ՍԴ այն անդամներին, որոնք կենթարկվեն իր կամքին՝ թերեւս մոռանալով, որ ինքը եկել է կառուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, եւ իրավունք չունի մեր՝ հարկատուների միջոցները օգտագործել ակնհայտ կաշառք բաժանելու համար։

Սրան կարելի գումարել եւ Մելինե Դալուզյանին "պաշտպանության տակ վերցնելու" անհեթեթ պնդումը (կարծես ինչ-որ մեկը նրան սպառնում էր), եւ ԱԱԾ-ին տրված Սատանիզմի հետ կապված աբսուրդ հանձնարարականը, եւ մտքի այլ գոհարներ, որոնք միասին վերցված բերում են մի հետեւության՝ երկրի համար մեկ իշխանավորը ավելի եւ ավելի կտրվում է իրականությունից, տրվելով անուրջներին, եւ դա սկսում է վտանգավոր դառնալ։ Նրան շրջապատող տարբեր մարդիկ սկսում են դա զգալ, եւ աստիճանաբար հետ նահանջել՝ պատահական չի, որ "Իմ Քայլը" սկսում է քվեարկություններ տապալել, տարբեր պաշտոնյաներ ծածուկ կամ բացահայտ հրաժարականներ են ներկայացնում, իսկ մնացողներն էլ սկսում են լուրջ մտածել իրենց ապագայի մասին։

Մեկ եւ կես տարի առաջ, երբ մեր ժողովուրդը մերժեց Սերժին եւ նրա կողմից մարմնավորված համակարգը, նա, իրեն հատուկ լավատեսությամբ, որոշեց, որ նախորդ "չար" միապետի գահին նոր, "բարի" միապետ կարգելով, նա ճանապարհ կբացի դեպի պայծառ ապագա։ Անցավ ոչ շատ ժամանակ, եւ պարզվեց, որ կապ չունի, թե ով է նստած գահին՝ այն հավասարապես այլասերում է բոլորին, ով մինչ այժմ նրա վրա նստել է, թեեւ գուցե տարբեր ձեւերով։ Նախկին բոցաշունչ, ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, սեփական կոմֆորտի վրա պետության միջոցներ շռայլող, ժողովրդից ու իրականությունից կտրված, անուրջներով ապրող միապետ, զուգահեռ նոր հիասթափություն եւ հուսահատություն սփռելով իր շուրջ բոլորը։

Գուցե ժամանակն է հասկանալ սակայն, որ խնդիրը ոչ Սերժն էր, ոչ էլ Նիկոլը, այլ այն գահը, որ մեր ժողովուրդը բարեսրտորեն վստահում է պարզ մահկանացուներին, մտածելով, որ նրանք գերբնական ուժ ունեն, եւ կարող են կախարդական փայտիկի հարվածով պայծառ ապագա բերել իրենց։ Գուցե հենց մեր բարեսիրտ ժողովրդին է պետք ազատվել անուրջներից, եւ գիտակցել, որ միայն մրցակցային քաղաքական համակարգը, իշխանության տարբեր մարմինների հավասարակշռումը, օրենքի գերակայությունը, եւ անխտիր բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ քննադատական վերաբերմունքն են այն միջոցները, որոնք թույլ կտան ունենալ ժամանակակից, արդյունավետ պետություն, եւ կառուցել այն երկիրը, որից մարդիկ այլեւս չեն արտագաղթում։ Այդ դեպքում գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն, եւ արժանապատիվ անի այն գործը, որը մինչ այդ իր մոտ լավ էր ստացվում, իսկ մենք էլ այլեւս չհիասթափվենք ու չհուսալքվենք։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց անուրջների, բայց սթափ լավատեսությամբ։






Մեկնաբանություններ - 1

agob.k     15.11.2019 bar.avedik nor pari luys artyok 2.dari hdo haskajak nikol injbisi adelutyun sermanog pogojayin sriqa a jnaj oren abuch yv qegjavor
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: