Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում:


Արտակ Զաքարյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 260

Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության,

ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը: Օրինակ՝ եթե ներկայիս ծայրահեղ լիբերալիզմի դիրքերից հանդես եկող պոպուլիզմին փոխարինելու գա ծայրահեղ ազգայինի դիրքերից հանդես եկող մեկ այլ պոպուլիզմ, ապա ինչպես մամթմատիկայում է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու:

Ժողովրդավարություն և պոպուլիզմ. երկուսն էլ հանդես են գալիս ժողովրդի անունից: Սակայն ի տարբերություն ներկայացուցչական ժողովրդավարության (որի հիմքը գիտակից և պատասխանատու քաղաքացին է)՝ պոպուլիզմը ձգտում է կուրացնել մարդկային գիտակցությունն ու բանականությունը: Պատասխանատու քաղաքացին առաջին հերթին մտածող և գիտակից քաղաքացին է, որը պոպուլիզմի թիվ մեկ հակառակորդն է և իրական ժողովրդավարության թիվ մեկ բարեկամն ու հենարանը: Որովհետև պատասխանատու և գիտակից քաղաքացին չի ենթարկվում մանիպուլիացիաների: Նրան հնարավոր չէ խաբել ու մոլորեցնել, հնարավոր չէ սեփական կարծիք փաթաթել, հնարավոր չէ նրա էմոցիաների հաշվին քաղաքական պայքար մղել այլախոհների ու քաղաքական մրցակիցների դեմ:

Մասնագետները նշում են, որ պոպուլիզմը “ձվադրում և զարգանում” է իրական ներկայացուցչական ժողովրդավարության մեջ տեղ գտած թերությունների հաշվին: Պոպուլիզմը երբեք բաց չի թողնում առիթը՝ ժողովրդավարության թերություններից օգտվելու համար: Այն միշտ գտնում է հասարակության մեծ կամ փոքր խմբերի, որոնք ինչ որ հարցերում դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից և անմիջապես սկսում են “բղավել վերջիններիս իրավունքների ու շահերի համար՝ դրանք հարմարացնելով սեփական պատկերացումներին ու շահերին:

Հատկանշական է, որ վերջին տարիներին պոպուլիզմի ալիքը քաղաքական ազդեցիկ դերակատարություն է տվել տարբեր քաղաքական գործիչների և ուժերի. մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Հունգարիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Եմենում, Բիրմայում, Վենեսուելաում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Հարավային Սուդանում և այլն:

Թվարկված երկրներից յուրաքանչյուրում պոպուլիզմի համար առիթ են հանդիսացել տարբեր խնդիրներ, հատկապես գլոբալիզացիայի բացասական հետևանանքները, սոցիալական ապահովության մակարդակի անկումը, ազգային ինքնությանը սպառնացող վտանգները, փախստականների հարցերը, ձգձգվող հակամարտությունները, ռասսայական խտրականությունը, աշխատատեղերի կրճատումները, կրոնական հարցերը, հանրային ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը, ԼԳԲՏ-ի իրավունքները, ազգայնական շարժումները, կոռուպցիան և այլն:

Բոլոր երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ, պոպուլիստական մոտեցումները ակնհայտ սպառնալիք են դարձել մարդու իրավունքների և ազատությունների համար: Առկա հիմնախնդիրների համար, որպես կանոն պոպուլիստներն ունեն պարզ լուծումներ՝ մեղքը բարդել “ոչ պոպուլյար” քաղաքական ուժերի վրա և վերջինների դեմոնիզացման միջոցով փորձել ամրապնդել սեփական իշխանությունը:

Վերհիշենք՝ 2018թ. ապրիլին երկրի խնդիրների լուծման համար թիվ մեկ "խոչընդոտողը" հայտարարվեց Սերժ Սարգսյանը, հետո Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո ՀՀԿ մեծամասնությամբ խորհրդարանը, հետո ազգային գաղափարախոսության կրող ուժերը (ՀՅԴ, ԲՀԿ), հետո դատարանները, հետո դաշտային հրամանատարները, հետո սահմանադրական դատարանը, առանձիև վերցրած դեպքերում որոշ ՏԻՄ-եր ու այսպես շարունակ: Այս ընթացքում պետական մակարդակով սանձազերծած կամայականնությունների արդյունքում ոտնահարվել են բազմաթիվ մարդկանց իրավունքներ՝ հասցնելով նրանց ինչպես իրավական, այնպես էլ բարոյական մեծ վնասներ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մոնոէթնիկ հասարակությամբ, ունիտար փոքր պետությունները՝ թեկուզև շատ խոցելի են պոպուլիզմի տեսանկյունից, այնուամենայնիվ որպես կանոն ավելի արագ են ընկալում պոպուլիզմի անհեռանկարայնությունը: Մեր երկրում պոպուլիզմի կիրառական մեթոդները կարծես սպառվել են, որովհետև սպառվել են նաև “մեղավոր ճանաչվելիք” ինտիտուտները: Այսինքն, այլևս չկան նոր ինստիտուտներ ու սուբյեկտներ, որոնց վրա հնարավոր լինի բարդել ընթացիկ սոցիալ- տնտեսական ու հանրային այլ պրոբլեմները: Հետևաբար եկել է հիասթափությունները մեղմելու և պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը:

Այս իրավիճակում պոպուլիստներն օգտագործում են վերջին հնարավորությունը՝ շեղող մանևրներով անընդհատ քարոզը (լայվեր, հարցազրույցներ, երկարաշունչ ելույթներ, միապաղաղ բացատրական զրույցներ, անընդհատ կրկնվող տեքստեր, “լեգիտիմացվող” վախի մթնոլորտի ձևավորում, “հոգատար կառավարման” իմիտացիա և այլն) և տեղեկատվական կարճատև առիթներ ստեղծելն ու դրանց զանգվածային քննարկումներ կազմակերպելը:

Աշխարհում դեռ ոչ մի պոպուլիստական ուժ չի կարողացել վերածվել ռացիոնալ կառավարում իրականացնող արդյունավետ քաղաքական սուբյեկտի: Դրանք կամ վերածվել են բռնապետական ռեժիմի, կամ էլ բախվելով գիտակից քաղաքացիների սառը դատողությանը՝ աստիճանաբար հետ են քաշվել քաղաքական ասպարեզից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: