Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդից հեռանալով՝ Մանուկյանը բան չի կորցնելու, այլ...


Արմեն Մանուկյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 703

Հանրային խորհրդից, հասկանալի է, նաև՝ ՀԽ նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին է խոսքը:

Փորձառու պետական և քաղաքական գործիչը, իհարկե, հայտարարության մեջ բացատրել է իր այդ քայլի շարժառիթներն ու պատճառները: Դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, արդեն բավարար է, որ «թավշյա» թմբիրով չվարակվածները լրջորեն մտահոգվեն:
Բայց, ինչպես երևում է, ընթացիկ բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին է, որ եթե մտահոգվողներ կան էլ, ապա դա «եղանակի վրա» առանձնապես չի անդրադառնում, համենայն դեպս՝ իշխող վերնամասի «եղանակի վրա»:

Ուշադրություն է գրավում, իհարկե, տեր-պետրոսյանական ժամանակների ՀՀՇ-ական գործելակերպի նոր մոդիֆիկացիան, որի գործադրմամբ էլ Վազգեն Մանուկյանին, ըստ էության, հեռացրին ՀԽ-ից:
Նախ, մի քանի անարժան ու բանսարկուական գործելակերպով աչքի ընկնող սուբյեկտների կողմից Վազգեն Մանուկյանի դեմ անձնավորված զրպարտությունների ու անվանարկման արշավ ձեռնարկվեց, ապա իշխող խմբակի ներկայացուցիչներից մեկը անիմաստ համարեց Սահմանադրությամբ նախատեսված Հանրային խորհուրդը: Ի լրումն, ինչպես վկայում է Վազգեն Մանուկյանը իր նախօրեի հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես «իգնոր է արել» ՀԽ-ն ու Վազգեն Մանուկյանին, ուղղակի չի արձագանքել, հանդիպման հնարավորություններն անտեսել է, ու վե՛րջ:

Ճի՞շտ վարվեց Վազգեն Մանուկյանը՝ նման արհամարհական «արձագանքի» պայմաններում հեռանալով ՀԽ-ից: Ընդհանուր առմամբ՝ այո՛: Բայց հարցն այն է, որ Հանրային խորհրդից հեռանալով Վազգեն Մանուկյա՛նը չէ՝ ինչ-որ բան է կորցնում, այլ նախ, հենց Հանրային խորհուրդը, մեծ հաշվով՝ գործող կառավարությունը:

Ցանկացած խելամիտ կառավարիչ կուրախանար, եթե իր տրամադրության տակ ունենար նման փորձառությամբ ու ծրագրային ընկալմամբ օժտված խորհրդատու, որպես Հանրային խորհրդի ղեկավար: Այնպիսի մի գործիչ, որ կառավարության ղեկավարին հաճոյանալու խնդիր չունի, որ հանգիստ կարող է հակաճառել այս կամ այն որոշման վերաբերյալ, որ կարող է այլ տեսակետ ու մոտեցում ունենալ և ներկայացնել:
Վերջին հաշվով, մենք այնքան հարուստ չենք պետության ղեկավարման փորձառություն և ծրագրային, համակողմանի ընկալում ունեցող գործիչներով:

Նման գործիչներից մեկը հենց Վազգեն Մանուկյանն է, վերանկախացումից հետո, կարելի է ասել ՀՀ առաջին վարչապետը, ծանրագույն իրավիճակում պաշտպանության նախարարի պարտականությունն ստանձնելով, Արցախյան պատերազմում հաղթական բեկման ճարտարապետներից մեկը: Պետությանը ծառայություն մատուցած գործիչ, անկախ իր անձի հանդեպ հասարակության տարբեր շրջանակների ունեցած բնականորեն տարակերպ վերաբերմունքից: Բայց ամենագետ, ամենազոր, սեփականից բացի ոչ մի այլ տեսակետ չհանդուրժող, ցանկացած քննադատության վիրավորանքով ու «պողոսաֆեյքային» հայհոյանքով արձագանքող «թավշյա» իշխանավորներին ու իշխանապետին պետք չեն նման խորհրդատուներ:

Նրանց ուզածն ու երազածը ամենժամյա և ամենօրյա փառաբանումն է, ա՛յ, եթե ՀԽ-ն օրումեջ Փաշինյանին ասեր՝ «օվսաննա՜»...
Լավ է, որ դեռ կան գործիչներ, որոնց ուժերից դա վեր է, իսկ արժանապատվությունից՝ ցածր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: