Հայերեն   English   Русский  

​Պատերազմի նախարարը․1993թ․


Տիգրան Պասկևիչյան,՛՛ԱՐ՛՛ թերթ


  
դիտումներ: 1434

Ով ծանոթ է պատմությանը կհիշի, որ Առաջին հանրապետության կառավարությունում երկրի ռազմական գործերով զբաղվող նախարարը կոչվում է Պատերազմի նախարար,դա թելադրված էր երկրի պատերազմական իրավիճակով,երբ նորաստեղծ հանրապետությունը չէր կարողանում աչք փակել պատերազմի դաժան իրողության առաջ։

Խորհրդային Հայաստանում հասկանալի է, որ ոչ պատերազմի և ոչ էլ պաշտպանության նախարար չկար, որովհետև պաշտպանության և հարձակման և առհասարակ բոլոր ռազմական գործերը կենտրոնացած ձևով ղեկավարում էինՄոսկվայում։

Հայաստանում անկախության հռչակումից հետո ձևավորված կառավարությունում ռազմական գործերը ստանձնեց,ինչպես ամենուրեք է ընդունված պաշտպանության նախարարը։

Հայաստանի նորանկախ հանրապետությունը իր ռազմաքաղաքական իրավիճակով առաջինից տարբերվում էր, որ չունի Ալավերդու ռազմաճակատը և չի պատերազմում Թուրքիայի հետ։ Մնացյալը գրեթե նույնն է։ Բայց Հայաստանի նոր հանրապետությունը, որի առաջացման նախապայման է համարվում արցախյան շարժումը, և որի ղեկավարները այսօր իշխանության ղեկի մոտ են, երկար ժամանակ աչք էր փակում պատերազմի իրողության առաջ՝համառորեն զբաղվելով աշխարհի միայն ՛՛պաշտպանության՛՛ գործով։

Իհարկե պաշտպանության գործի կազմակերպումը չէր կարելի բավարար համարել, որովհետև պաշտպանությունը իբրև ինքնուրույն ոլորտ գոյություն չուներ,այլ հանրապետության նախագահի վարած մանևրային քաղաքականության կցորդն էր։

Խոսքը այն մասին չէ, որ պաշտպանությունը պետք է անկախ լինի քաղաքականությունից, այլ հայոց ազգային բանակի կազմավորման գործնթացի մասին է, որ կարող էր և պետք է լիներ ամեն տեսակ քաղաքականությունից անկախ։ԽՍՀՄ փլուզումից հետո և դրանից առաջ էլ, երբ Հայաստանում ստեղծվում էին ամենաանկախ ջոկատներ,պարզ էր մի բան, որ հանրապետությունն ինչպիսի քաղաքականությունն էլ վարելիս լինի՝գնա բանակցությունների, թե առճակատնման․հարցը տեղայնացվի թե միջազգայնացվի,լինի ԱՊՀ անդամ թե դուրս գա ԱՊՀ-ից,հանրապետությանն անհրաժեշտ է պետական ինքնիշխանության երաշխավոր՝ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ։

Ուղտ նստած,կուզեկուզ ման գալու քաղաքական վարքագծով , թե ընդհանուր թափթփվածությամբ էր պայմանավորված ազգային բանակի ստեղծման ձգձգումը,դժվար է սել։Բայց մի բան պարզ է, որ հանրապետության պաշտպանության նախարարի՝ Շուշիի գրավումը և Լաչինի միջանցքի բացումը հրաշք որակելուց հետո,հունիսին Շահումյանի և ապա Մարտակերտի մի մասի անկումից հետո անխուսափելիորեն պիտի բարձացվեր ազգային բանակ ստեղծելու հարցը։ Ու՞մ կողմից։

Բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվելով ստեղծեցին Ազգային Դաշինք, որի նպատակն,ըստ էության մեկ էր ՝ի մի բերել իշխանություններին քարկոծելու համար հավաքված քրերը։ Բայց ցավալին այն էր, որ այդ քարերը անծանոթ էին նրանց։ Ազգային դաշինքի ուժերից ոչ մեկը հստակ կերպով և հետևողականորեն չէր դրել բանակ ունենալու հարցը,չհաշված այն առիթները երբ այդ հարց սուր որպես ճոճվել էր իշխանությունների դեմ։

Ազգային դաշինքը հայտարարում էր՝պատերազմ է։ Իշխանությունները պատասխանում էին ՝խաղաղություն չէ։ Սակայն իշխանություններն այդ հայտարաությունն անում էին խորապես գիտակցելով, որ Հանրապետությունն կամա թե ակամա, ավելի շուտ կամաավելի պակաս ակամա ներքաշվել է պատերազմի մեջ։

Գարնան վերջերին եղած ռազմական հաջողութուններնու դրանց հաջորդած պարտությունները ամեն տեսակ քաղաքականությունից ու բանավեճերից անկախ գրում էին պատերազմի տարեգրությունը։

Ազգային դաշինքը հայտարարում էր․ պատերազմ է։Իշխանությունները պատասխանում էին․մենք խաղաղություն ենք ուզում,խաղաղ կարգավորում,բայց և հրաշալի հասկանում էին, որ պատերազմից չես խուսափի։ Ուրեմն պիտի գտնել մեկին,մի անհատի, ոչ թե կազմակերպություն կամ ուժ, որ կարողանար ստանձներ պատերազմի գործը։

Պաշտպանության նախարարը սպառել էր իրեն, հարկավոր էր պատերազմի նախարար։

Պատերազմի նախարարը գտնվեց այն ուժի մեջ, որն ամենից բարձր էր գոռում և ամենից համառորեն էր ապացուցում, որ երկիրը պատերազմի մեջ է։ Այդ մարդ արցախյան շարժման առաջնորդ, Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն էր։

Իշխանությունը պատերազմի գործն ուզում էր հանձնարարել մի անհատի,բայց ստիպված էր ընտրություն կատարել եղած քաղաքական ուժերից։Այդ ուժը Ազգային ժողովրդավարական միությունն էր։ Շատ չանցած այդ միությունըհայտարարեց, որ պատերազմը Վազգեն Մանուկյանի անձնական գործն է, որ կազմակերպությունը չի պատրաստվում ուտել ուրիշի եփած շիլան։ Հատկապես երբ կաթսայի գլխին ուրիշն է կանգնած և շերեփը ուրիշի ձեռքին է։

Վազգեն Մանուկյանը գիտեր, թե ով ու երբ է եփել շիլան։

Այսպես գտնվեց մեկը, որը իշխանական խաղերից վեր բարձրանալով՝պատասխանատվություն ստանձնեց լինելպատերազմող երկրի պատերազմի նախարար։ Այսպես հայտնվեց մեկը , որ իշխանությունների վարած պաշտոնական քաղաքականությանը չհամնկնող հայտարարություն կարող է անել և այդ հայտարարությունը կարող է հերքվել Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի կողմից։Այսպես հայտնվեց մեկը , որ Հայաստանում արցախյան խնդրի նկատմամբ եղած դիրքորոշումների մեջ ուներ իր սեփականը ՝ազատագրել Արցախի տարածքը,ապահովել անվտանգությունը և ապա անցնել բանակցությունների։ Պատերազմի նախարարին վիճակված էր պաշտոնավարության անցնել բավականինբարդ շրջանում։

Կարելի է ասել, որ վերջին մեկ տարում չէր կայացել պաշտպանական համակարգը,չէր լուծվել հայրենի սահմանները պաշտպանած,Արցախում կռված կամավոր ազատամարտիկների/մարդիկ , որ իրենց ճակատագրով կապվել են պաշտպանության գործին,իրենց չեն պատկերացնում դրանից դուրս,ազնիվ մղումներ ունեն,ռազմագետ չեն/ և խորհրդային բանակում ծառայած արհեստավարժ կադրային սպաների ՝ մեկ նոր կառույցում համակցելու հարցը։

Գնալով սաստկանումէին սահմանամերձ շրջաններում թշնամու միակողմանի անպատասխան հարձակումները և լուծված չէին տեղային պաշտպանության հարցերը։

Լուծված չէր նաև սահմանամերձ պատերազմի բնորոշման հարցը․արդյոք Հայաստանը պետք է քաղաքներ ու գյուղեր կորցնելով, բնակչությանը անմխիթար վիճակի մատնելով շարունակի կուլ տալ թշնամու հարվածները,աշխարհին ցույց տալու համար, թե ինքը հարևանի հետ չի պատերազմում,ասել է թե Արցախի խնդիրը Հայաստանի հանրապետության խնդիրը չէ։

Սահմանամերձ շրջաններում տարեվերջին տեղի ունեցած ուժգին ավերածությունների համար արդեն պատասխանատու է պատերազմի նախարարը։Եվ արդյոք այս դեպքում կասկածի տակ չի դրվում նախարարի՝Արցախի հարցում ունեցած վճռական դիրքորոշումը/Արցախի ազատագրում,անվտանգության ապահովում/։ Այն դեպքում, երբ պաշտպանված չէ բուն հանրապետության տարածքը և բնակչության անվտանգությունը։

Ինչևէ պատերազմի նախարարը այսօր Հարապետության մյուս նախարարներից տարբերվում է նրանով, որ դեռ որևէ անհաջողություն կամ թերացում չի պատճառաբանելՉԿԱ-ների ամենածանոթ շարանով։

Եթե պատերազմի նախարարը իր խնդիրը դարձնի ամեն գնով շուտափույթ ռազմական հաջողություններ ցուցաբերելը, դրանից չի շահի Հայոց ազգային պետությունը։

Պատերազմի նախարարն այսօր նախ և առաջ հայոց ազգային բանակի ստեղծման և հզորացման նախարար պիտի լինի։

Տիգրան Պասկևիչյան

"Ար"

21․01․1993





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: