Հայերեն   English   Русский  

Օդի տուրքը կհանվի նոր ուղղություններով թռիչքներ իրականացնողների համար


  
դիտումներ: 104

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է օդի տուրքը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:

«Այս պահի դրությամբ օդի տուրքի ձևով 11-12 մլրդ դրամ է բյուջե մուտք լինում: Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատման մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գերազանցվի: Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին ու որևէ մեկին արտոնություն չի տրվում: Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք»,- ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որևէ նոր ուղղություն, կառավարության կողմից օդի տուրքը կհանվի: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու: Եղան քննարկումներ, թե տեսեք, «Ռայան Էյր»-ին տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով.,-ասաց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: