Հայերեն   English   Русский  

​Նման անօրինականություն մինչ այսօր չի եղել. Փաստաբանը Արսեն Բաբայանի գործի մասին


  
դիտումներ: 87

Նման անօրինականություն մինչ այսօր չի եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործին ու դրան հաջորդած գործողություններին:

«Գործը յուրահատուկ է: Մենք շատ մանրամասների տեղեկանում էինք ոչ թե գործի նյութերից, այլ լրատվամիջոցներից: Նրան, ում հրավիրում էին հարցաքննության, հետո հարցազրույց էր տալիս և ասում, թե ինչ ցուցմունքներ է տվել»,- ասաց փաստաբանը:

Խոսելով առաջադրված մեղադրանքի մասին՝ Վարոսյանը հիշեցրեց, որ Բաբայանը մեղադրվում է այն բանում, որ իբր 5-ի ամսաթվով ներկայացված փաստաթուղթը գրանցվել է 2-ին:

«Սակայն թե փաստաթղթի հեղինակը, թե այն ստացողը պնդում են, որ այն ԱԺ է փոխանցվել մարտի 2-ին: Նա, ով ստացել է, նույնպես հաստատել է, որ մարտի 2-ին թուղթը փաստացի եղել է իր սեղանին: «Հարցը սա է: Փաստերը և շարադրված մեղադրանքը ոչ մի ընդհանուր բան չունեն: Քննչական մարմինն անգամ դատարանին «ապացույցներ» չի ներկայացրել»,- ընդգծեց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունքներ չկան:

«Դրանք գոյություն չունեն, ինչպես գոյություն չունեն այն բանի «ապացույցները», որ նա կապ ունի կամ կատարել է հանցավոր արարք: Չկա եւ չի կարող լինել նման մեղադանքի պարագայում: Մեղադրանքում հանգամանքներ են շարադրված, որոնք չեն կարող գոյություն ունենալ: Համապատասխանաբար չեն կարող գոյություն ունենալ նաեւ ապացույցներ: Եվ ես համաձայն եմ Արսեն Բաբայանի հետ, որ այսպիսի անօրինականություն չի եղել: Մենք շատ ենք տեսել քաղաքական հետապնդումներ: Բայց այսպիսի բան, որ փորձես իրականության հետ կապ չունեցող տեքստը ներկայացնել որպես մեղադրանք, չի եղել: Նախկինում արդարադատությունը երբեք համանման անկում չի ապրել»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը:

Նրա կարծիքով՝ Բաբայանի կալանավորումն անիմաստ էր. «Անգամ մարտավարական առումով, եթե փորձում էին ցուցմունքների հասնել: Այսպիսի մեղադրանքի դեպքում մարդն ի՞նչ ցուցմունք կարող է տալ: Կալանավորումը ոչ միայն անօրինական էր, այլեւ անտրամաբանական»:

Փաստաբանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության բռնազավթման եզրահանգումները նույնպես քննադատության չեն դիմանում:

Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը կարծիք հայտնեց, որ եղել են որոշակի նպատակներ. «Բայց հասկացան, որ Արսեն Բաբայանին որքան էլ կալանքի մեջ պահեն, նա ցանկալի ցուցմունքներ չի տա: Բայց սա նաեւ ուղերձ է մյուսներին: Որպեսզի տան անհրաժեշտ ցուցմունքներ, իրենց պահեն այնպես, ինչպես նրանք են ցանկանում: Թիրախում ոչ միայն Արսեն Բաբայանն էր: Նպատակն այն է, որ ընդդիմախոսները լինեն ավելի զիջող»,- նշեց փաստաբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: