Հայերեն   English   Русский  

​Կրակոցներ Էջմիածնում. կա վիրավոր


  
դիտումներ: 125

Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես տեղեկացնուկ է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հայրը՝ Արմեն Առաքելյանը, տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման է դատապարտվել՝ թուրքի սպանելու համար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողը հայտնում է. որ ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից և «Մակարով» ատրճանակից արձակված մեծ թվով պարկուճներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: