Հայերեն   English   Русский  

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա կնոջ աչքերով հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին


  
դիտումներ: 978

Աշխարհի տարբեր երկրներում կին ռեժիսորների ֆիլմերին նվիրված ավելի քան մեկ տասնյակ կինոփառատոներ կան, և դրանցից մեկն էլ 16 տարի առաջ կինոռեժիսոր Մարիամ Օհանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվածն է՝ «Կին» խորագրի ներքո:

Երևանում՝ նոյեմբերի 11-15֊ը, կանցկացվի «Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնը։

16 տարի շարունակ փառատոնը ցուցադրում է աշխարհի ամենատարբեր անկյուններում կին ռեժիսորների հեղինակած ֆիլմեր՝ հանդիսանալով հարթակ հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև փորձի փոխանակման և ֆիլմերի տարածման համար։

Ամենամյա այս փառատոնի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում կնոջ աչքերով հետևել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և բացահայտել իրենց ստեղծագործական տաղանդը։

Փառատոնը կարևոր հարթակ է կին ռեժիսորների համար, ովքեր անում են իրենց առաջին քայլերը ոլորտում և փառատոնի ընթացքում ծանոթանում են արդեն միջազգային հաջողության հասած կինոռեժիսորների և նրանց աշխատանքների հետ։

Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված է Անյես Վարդայի հիշատակին:

Ծրագրի շրջանակում կցուցադրվի նաեւ նրա հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը: Փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը եւ սցենարիստ Անաստասիա Գորյունովան` Ռուսաստանից։

Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Կարինե Վերդյան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա), Ելենա Շուվաեւա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլյան (պրոդյուսեր, Հայաստան), Անաստասիա Գորյունովա (սցենարիստ, Ռուսաստան):

Կինոփառատոնի ավարտին հաղթողներին կշնորհվեն հետեւյալ մրցանակները` «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», մրցանակ՝ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից, մրցանակ` Մոսկվայի տան կողմից, մրցանակ` Անկախ կինոգործիչների ակումբի կողմից, դիպլոմներ:

Փառատոնի հովանավորներն են` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Կանադայի եւ Ֆրանսիայի դեսպանատները, Գյոթե կենտրոնը Երեւանում, Բրիտանական խորհուրդը, Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը Երեւանում, Մոսկվայի տունը:

«Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնը ավանդույթի համաձայն անցկացվելու է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում։

Կինոփառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է։

«ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, իսկ փակման արարողությունը` նոյեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:

Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը և տեղը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: