Հայերեն   English   Русский  

«Եթե կան մարդիկ, որ համարում են, թե հայհոյելով, վիրավորելով Ռեմբո են դառնում, այդպես չէ»․ ՀԽ անդամ Մ․ Ատովմյան


  
դիտումներ: 523

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովում այսօր Ստյոպա Սաֆարյանի հետ կապված դիմումի քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը մտահոգություն հայտնեց, որ առհասարակ ատելության խոսքի, զրպարտանքի, վիրավորանքի բավականին մեծ դրսևորումներ կան հասարակության մեջ՝ ուղղված տարբեր կազմակերպությունների, տարբեր անձանց և գործիչների։

«Կարծում եմ՝ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ երևույթին դիմակայելու համար, քանի որ այսպես շարունակելով՝ մենք չենք կարող ձևավորել ժամանակակից, ժողովրդավարական հասարակություն»,-ասաց Ատովմյանը։

Իրավական մեխանիզմների առումով, ըստ Ատովմյանի, քաղաքացիական օրենսգիրքն ունի երկու հասկացություն՝ վիրավորանք և զրպարտություն, որոնք, սակայն ապաքրեականացվել են, երբ անդամակցել ենք Եվրոպայի խորհրդին։

«Չունենք նաև առանձին օրենք, որը վերաբերում է ատելության խոսքին։ Չնայած, որքան գիտեմ, Արդարադատության նախարարությունը նման մի նախագիծ պատրաստել է»։

Մարատ Ատովմյանի խոսքով՝ եթե մեկը որևէ մեկին վիրավորում է, դրանով ոչ իր տղամարդութունն է ավելանում, ոչ էլ իր դերն ու կշիռը հասարակության մեջ․ «Այո, եթե կան մարդիկ, որ համարում են, թե հայհոյելով, վիրավորելով Ռեմբո են դառնում, իրենց հասարակական կարգավիճակն է բարձրանում, ուզում եմ հավաստիացնել, որ այդպես չէ։ Սկսած հասարակ քաղաքացիներից, այսօր մոդայիկ է դարձել, որ անհարգալից, վիրավորական արտահայտություններով խոսեն, և դա մեր կյանքի բոլոր բնագավառներում արտահայտվում է։ Սա ահագնացող հասարակական խնդիր է, և մենք պետք է մտածենք, թե ինչպես շուտափույթ դուրս գանք դրանից»։

Մարատ Ատովմյանի խոսքով՝ մեր հասարակության մեջ ստեղծված այս իրավիճակի հետ կապված կա նաև կրթական համակարգի բացթողումը։ «Աշակերտներն անցնում են հասարակագիտություն առարկան, և ես խիստ կասկածում եմ, որ որակով են անցնում։ Այդ առարկայի շրջանակում, կարծում եմ, այսպիսի հարցեր պիտի քննարկվեն, որպեսզի մեր աշակերտները հասկանան, թե խոսքի ազատությունն ինչ բան է, մարդու իրավունքներն ինչ բան են, խոսքի կուլտուրան ինչ բան է, որպեսզի նրանց մոտ այդ արժեհամակարգը ձևավորվի։ Այստեղ բոլորս լուրջ աշխատանք ունենք անելու, առաջին հերթին՝ ոլորտի պատասխանատուները։ Դա նաև իրավական ցածր կուլտուրայի խնդիրն է, որն առհասարակ մեր ազգաբնակչության լայն շերտերի մոտ շատ ցածր է»։

Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կողմից հրապարակյին միջոցառմանը մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն արգելող հայտարարությանը՝ Մարատ Ատովմյանն ասաց․

«Եթե նա ուներ նախընտրելի լրատվամիջոցներ, որոնց հետ ուզում է աշխատել, այդ դեպքում պետք է աներ փակ միջոցառում, հրավիրեր իր նախընտրած լրատվամիջոցներին, բայց ոչ թե նշեր, որ այս կամ այն լրատվամիջոցներն անցանկալի են կամ արգելված է նրանց մասնակցությունը։ Դա արդեն այլ դրսևորում է ստանում»։

Հիշեցնենք, որ LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը Հանրային խորհուրդ վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:

Դիմումին միացել են երեք տասնյակից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: