Հայերեն   English   Русский  

ԿԳՄՍ նախարարության օրինագծով Գիտությունների ազգային ակադեմիան պետք է փակվի. դա անթույլատրելի է. ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն


  
դիտումներ: 157

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանն ու մշակվող օրինագծերին, որոնցով փորձ է արվում բուհական ծրագրերից հանել հայագիտական առարկաններն ու մի շարք փոփոխություններ անել, ասաց, որ Հայաստանում առկա ակադեմիական մոդելն արդյունավետ է աշխատում:

«Գործող մոդելը կապ չունի սովետական շրջանի հետ: Այդ մոդելը ձևավորվել է դարակեսին Եվրոպայում: Այսինքն, մեզ մոտ եվրոպական մոդելն է: Մարդը զբաղվում է գիտությամբ, նրան ժամանակ է տրվում: Դա արդյունավետ մեթոդ է»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ ամերիկյան մոդելը հիմնված է համալսարանների բազայի վրա, քանի որ ԱՄՆ-ում գիտաշխատողները պարտավոր են դասավանդել որոշակի ժամերի:

«Նախարարը հայտարարեց, որ գիտությունը պետք է տեղափոխվի համալսարաններ: Դա նշանակում է, որ այժմ այնտեղ գիտություն չկա, ինչի հետ մենք համաձայն չենք: Եվ երկրորդ, ինչո՞ւ է հիմա նման անհրաժեշտություն առաջացել: Կրթության և գիտության ոլորտում շատ խնդիրներ կան: Սակայն ինչո՞ւ է թիրախավորվել հենց հայոց լեզուն և պատմությունը: Օրինակ, անգլերենը, կենսաբանությունը կամ ֆիզիկան լա՞վ են դասավանդվում: Դե եկեք դրանք նույնպես հանենք»,- ասաց Մելքոնյանը:

Նա նշեց, որ ցանկացած մասնագիտության պարագայում մարդը պետք է իմանա իր լեզուն ու պատմությունը: «Ինչպե՞ս կարելի է վերացնել այդ առարկաները: Դրանք աշխարհայացք են ձևավորում: Դպրոցներում այլ մակարդակով են անցնում այս առարկանները, բուհում՝ լռիվ ուրիշ»,- նշեց նա:

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ նշեց, որ նախագիծը սխալ է կազմված:

«Չի կարող երկու տարբեր ոլորտների մասին օրենք լինել: Ստացվում է, որ գիտությունը սպասարկում է կրթությանը: Այդպես չպետք է լինի: Այսօր գիտություն կա բուհական համակարգում: Անթույլատրելի են նաև Գիտության ազգային ակադեմիայի հետ կապված դրույթները: Ըստ նախագծի՝ այն ընդհանրապես պետք է փակվի: Ամեն տարի հարյուրավոր գիտական հոդվածներ են հրապարակվում ակադեմիայում: Մի՞թե դա չի խոսում այն մասին, որ համակարգը լավ է աշխատում»,- նկատեց Կատվալյանը՝ հավելելով, որ դժվար է պատկերացնել կրթված մարդու, որը պատկերացում չունի հարազատ լեզվի և պատմության մասին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի դեմ, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի նախարարությունների շենք և այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից դուրս բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: