Հայերեն   English   Русский  

«Որևէ մեկին չեմ ճնշելու». Գեղամ Գևորգյանը պարզաբանում է ներկայացրել դասախոսների գործադուլի վերաբերյալ


  
դիտումներ: 95

Նոյեմբերի 6-ից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ դասադուլ են սկսել ԿԳՄՍ նախարարության նախագծի դեմ, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Իսկ այսօր Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ընդհանուր նիստ, որի ժամանակ քննարկվել է նախագծի դեմ գործադուլ անելու առաջարկը։ Քվեարկության արդյունքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, բացառությամբ մի քանի դասախոսի, մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Այս իրավիճակի մասին պարզաբանում է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գեւորգյանը: Վերջինիս խոսքով, ինքը դասադուլի առաջին իսկ օրը հանդիպել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի և ակտիվիստ ուսանողների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։

Գ․Գևորգյանը նշեց, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրկին եղել է Հայ բանասիրության ֆակուլտետում ու տեղեկացել, որ դասախոսները որոշել են գործադուլ կազմակերպել, ապա խնդրել է նրանց չասել, որ միանում են ուսանողներին, քանի որ դա հարիր չէ ԵՊՀ դասախոսներին, այլ հստակ ձեւակերպել իրենց պահանջները։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ գործադուլն ունի համապատասխան ընթացակարգ․ «Գործադուլ հայտարարելու համար պետք է դիմել արհմիությանը, արհմիությունը պետք է հայտարարի գործադուլ, պետք է ներկայացնի վեճի առարկան, իսկ վեճի առարկան չի կարող լինել համալսարանից դուրս։ Եթե վեճի առարկան գործատուի հետ կապված չէ, արդեն գործադուլ չէ, այն ուղղակի բողոքի ցույց է: Դասական իմաստով սա դասադուլ չէ, սա ուղղակի դասի չգալ է։ Սա գործադուլ չէ, սա գործի չգալ է»։

Գ․ Գևորգյանը նշեց, որ գործադուլ հայտարարած պրոֆեսորադասախոսական կազմին տեղեկացրել է, որ սա օրենքի սահմաններում կարող է ունենալ իր հետևանքները, ինչը կարելի է չկիրառել, եթե ժամանակին հետ կանգնեն։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ իրականում ժամաքանակ ունենալու պայքար է ընթանում, եւ հավելեց, որ ինքը ցանկանում է՝ մասնագետներն անկեղծ լինեն՝ ասելով, թե ինչի համար են պայքարում։

Խոսելով իր սեփական դիրքորոշման մասին՝ պարոն Գ․ Գեւորգյանն ասաց, որ շատերը սպասում են, թե երբ է ինքը ցուցարարներին ճնշելու․ «Չեմ ճնշելու։ Չսպասեք։ Որեւէ մեկին չեմ ճնշելու»։

Այն հարցին, թե կողմ է արդյոք ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն այս նախագծին, վերջինս պատասխանեց՝ այո, ինքը կողմ է ազատ ընտրության հնարավորությանը։

Գեղամ Գևորգյանը խոսեց նաև այն մասին, որ որոշ ֆակուլտետներում «Հայ ժողովրդի պատմություն» կամ «Հայոց լեզու» առարկաների ժամերը պատշաճ դասավանդվելու դեպքում տվյալ մասնագիտացման համար միգուցե ավելանան։ Նա առաջարկեց, որ բոլոր բուհ ընդունվողները պարտադիր ընդունելության քննություն հանձնեն «Հայոց լեզու» առարկայից, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: