Հայերեն   English   Русский  

Եթե այստեղ կա քաղաքականություն, ապա միայն՝ կրթության. Յուրի Ավետիսյանը դասախոսների գործադուլի մասին


  
դիտումներ: 75

Այս հայտարարությունը որևէ քաղաքական նպատակ կամ շարժառիթ չի հետապնդում, եթե կա քաղաքականություն ապա խոսքը միայն կրթական քաղաքականության մասին է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը՝ ներկայացնելով ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության պրոֆեսորադասախոսկան կազմի հայտարարությունը:

Ըստ այդ հայտարարության՝

«1. ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման դրույթի:

2. Հայտարարում են համերաշխության մեկօրյա գործադուլ՝ որպես միաբանության քայլ:

3. Նախատեսում և ակնկալում են հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի և մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների: Հորդորում են ուսանողությանը դադարեցնել դասադուլը»:

Ավետիսյանը նշեց, որ պրոֆեսորադասախոսկան կազմի գերակշիռ մասը միացել է հայտարարությանը, սակայն եղել են մի քանի բացառություններ, որոնք իրենց գաղափարներից ելնելով չեն ստորագրել հայտարարությունը:

«Եթե դնենք համեմատության մեջ, ապա կարող ենք ասել, որ 95 տոկոսը միացել է, իսկ 5 տոկոսը դասախոսների ինչ-ինչ պատճառներից ելնելով չի միացել: Անկեղծ լինելու համար ասենք, որ մի քանիսն են ընդամենը, որ կողմ են ԿԳՄՍ-ի օրինագծին»,-ասաց նա:

Այսօր դասախոսները, ինչպես նշեց Ավետիսյանը, մեկօրյա գործադուլ են հայտարարել ի նշան ուսանողների հետ համերաշխության: Չնայած վաղվանից շարունակելու են աշխատել, բայց առաջնային պահանջում են հրատապ քննարկում, որին պետք է մասնակցի ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի դեմ, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի նախարարությունների շենք և այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից դուրս բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր:

Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: