Հայերեն   English   Русский  

Տեսակով «չկոտրվողը»...


Նոյեմբերի 13-ը նշվում է որպես Կույրերի միջազգային օր:


  
դիտումներ: 2939

Հենց այս առիթով էլ հանդիպել ենք քաղաքագետ Հակոբ Կարապետյանին:

Տասը տարեկանում սխալ բուժումների հետևանքով տեսողությունը կորցրած Հակոբն արդեն 26 տարի շարունակ պահպանում է մանկության տարիների պարգևած բոլոր նվիրական գույներն ու պատկերները՝ մուլտֆիլմեր, կինոնկարներ, հարազատների դեմքեր, փողոցներ:

«Շատ ժամանակ ես ապրում եմ այդ հուշերով: Ինչպե՞ս կարելի է մոռանալ լույսերի խաղն ու գույները: Ես անընդհատ փառք եմ տալիս Աստծուն, որ երբևէ տեսել եմ: Մարդիկ մշտապես պիտի շնորհակալ լինեն, որ ունեն լսելու և տեսնելու հնարավորություն: Շատ դեպքերում նրանք չեն արժևորում իրենց ունեցածը: Ես մինչ այսօր դեռ չեմ համակերպվել տեղի ունեցածի հետ: Ամեն անգամ տանից դուրս գալիս, երբ հանդիպում ես բազում խոչընդոտների ու տհաճ իրավիճակների, հասկանում ես՝ այս հասարակությունը դեռ վերջնական պատրաստ չէ ընդունելու խնդիրներ ունեցող մարդկանց: Բայց պիտի խոստովանեմ նաև, որ հիմա վիճակը բավական փոխվել է. մարդիկ առավել բաց են ու պատրաստակամ: Դու քեզ էկզոտիկ բույսի կարգավիճակով չես զգում փողոցում: Անկախ դժվարություններից, որոնք, ի վերջո, հաղթահարելի են, տեսնելու այս կերպն ինձ շատ է դուր գալիս»,- անկեղծացավ Հակոբն ու հավելեց՝ երկար տարիների անքուն գիշերների արդյունքում մի սարքի էսքիզ է արել, որ պիտի օգներ չտեսնող մարդկանց հեշտ օգտվել տրանսպորտից: Այն մեծ նորություն կլիներ թե´Հայաստանում, թե´ ամբողջ աշխարհում: Բայց, ցավոք, Հակոբը դեռևս չի կարողանում գտնել մարդկանց, որ հանձն կառնեն իրականացնել դա, թեև դիմել է ամենատարբեր գիտնականների ու գիտական հաստատությունների:

Մեր զրուցակիցը հաջորդիվ համառոտ ներկայացրեց իր անցած ուղին: Սկզբում նա սովորել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ հատուկ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, քանի որ մշտապես հետաքրքրվել է քաղաքականությամբ: Որքան էլ ոլորտը վախենալու էր, հասկանալու, բացահայտելու ցանկությունը հաղթել է:

Բայց բուհում սովորելու տարիները Հակոբից հոգեբանական մեծ լարում և կամքի ուժ են պահանջել: «Դպրոցում կային բրալյան դասագրքեր, որոնցից օգտվում էինք չտեսնողներս: Կամ ինձ համար կարդում էին, ձայնագրում էինք և այլն, այսինքն՝ լուծումներ միշտ գտնում էինք: Համալսարանում և´ միջավայրն էր ուրիշ, և´ մարդկանց մտածելակերպը: Մեր ֆակուլտետում ես առաջին չտեսնող ուսանողն էի: Մարդկանց մի մասը ոգևորում էր, մյուսները՝ ոչ: Եթե մի քիչ կամքից թույլ լինեի, հետ կնահանջեի, բայց քանի որ իմ տեսակով շուտ «կոտրվողներից» չեմ, որոշեցի առաջ գնալ: ժամանակի ընթացքում մարդիկ ճանաչեցին ինձ, ընկերներ ու հարգանք ձեռք բերեցի: Շատ հետաքրքիր ուսանողական տարիներ եմ ունեցել: Միայն ցավում եմ, որ հետագայում ինձ հնարավորություն չտրվեց գիտությամբ զբաղվել: Սկսեցի քաղաքական մասնագիտական վերլուծություններ անել որոշ թերթերի համար մինչև այն պահը, երբ հասկացա՝ Հայաստանում քաղաքագիտությունը դեռ շատ զարգանալու տեղ ունի: Ու թեև հիմա իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, երբեք չեմ զղջացել ընտրությանս համար, քանի որ այդ գիտությունն ինձ շատ է օգնում առօրյայում:

Համալսարանից հետո հայտնվեցի Ազգային առաջնորդության ինստիտուտում (ԱԱԻ)՝ անգլերենի դասընթացների մասնակցելու նպատակով, որտեղ էլ ինձ հանդիպած մարդկանց, հոգևորականների, ստացածս քրիստոնեական դաստիարակության շնորհիվ փոխվեցին պատկերացումներս քրիստոնեության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մասին: Սկսեցի խորությամբ ուսումնասիրել այն ամենն, ինչին մինչ այդ ժխտողաբար էի վերաբերում: Արդյունքում կյանքս կտրուկ փոխվեց, հասկացա, որ բոլորս մի տեսակ խելակորույս արագությամբ վազում ենք ինչ-որ ուղղությամբ, որը մեզ լավ տեղ չի հասցնելու:

Շատ ասպարեզներում եմ փորձել ուժերս՝ հաշվապահություն, առցանց «Ռադիո մենք», տուրիստական գործակալություն և այլն: Բազում ոլորտներում ինձ փորձելուց հետո այժմ զբաղվում եմ ուսուցչությամբ»,- պատմում է Հակոբը:

Այժմ նա «Դասավանդի´ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակիցներից է, որի շրջանակներում Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում դասավանդում է հայոց և համաշխարհային պատմություն, հայրենագիտություն առարկաները: Հակոբի խոսքով՝ դեպի դպրոց իրեն բերել են կրթության հետ կապված խնդիրները: Որոշել է անձամբ բացահայտել ոլորտի առավելություններն ու թերությունները: Նա հասցրել է հասկանալ՝ հանձինս մեր աշակերտների, հայ հասարակությունն ունի չմշակված հսկայական ներուժ, որին պիտի ուղղորդել, ճիշտ խորհուրդներ տալ: Պատանիները հաճախ չգիտեն՝ որտեղ օգտագործել իրենց ուժերը: Այս փաստից Հակոբը վատ է զգում, բայց տեսնելով նրանց ջանքերը, կրկին հուսադրվում է:

Նա մտերիմ հարաբերությունների մեջ է աշակերտների հետ, քանի որ ուսուցիչ-ընկեր սահմանը կարողացել է ճիշտ գծել: Զրուցակիցս իր անձնական օրինակով սովորեցրել է երեխաներին գնահատել ունեցածն ու քրտնաջան աշխատել: Հակոբը վստահ է՝ գյուղից հեռանալուց հետո հաստատ մի լավ հետք թողնելու է աշակերտների կյանքում: Բայց այսքանով հանդերձ նա իրեն համարում է դաս տվող, փորձ փոխանակող, բայց ոչ ուսուցիչ, քանի որ ուսուցիչը շատ վեհ կոչում է իր համար:

Հակոբի հետ չէինք կարող չխոսել ներառական կրթությունից: Զրուցակիցս նախ նշում է, որ այդ բառն արդեն իսկ խտրականություն է առաջացնում: Ապա նա իր անհանգստությունն է հայտնում, որ ներառական խնդիրներով զբաղվող պետական կառույցներում չկան այդ խնդիրները կրող մարդիկ, որոնք ավելի լավ են պատկերացնում լուծման ուղիները:

«Եթե մեզ էլ թույլ տան զբաղվել հենց մեր խնդիրներով, կունենանք ժամանակի, ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների հսկայական խնայողություն և ավելի լավ արդյունքներ, կունենանք հիանալի ուսուցիչներ, որ իրենց օրինակով կապացուցեն մյուսներին, որ հաշմանդամությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երեխաների կրթության և առաջընթացի համար: Ցավոք, ներկայիս ներառական կրթության համակարգը ի վիճակի չէ ապահովել լիարժեք և բարձրորակ կրթություն, ասենք, խուլ կամ կույր աշակերտների համար, քանի որ մեր ուսումնական հաստատություննները գրեթե չունեն համապատասխան հարմարեցվածություն, անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական պարագաներ և բավարար թվով բարձրակարգ մասնագետներ: Սա զրկում է խնդիրներ ունեցող երեխային նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից, ինչն էլ խաթարում է նրա հետագա կյանքը: Սխալ է կիսատ-պռատ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար և հրամցնել որպես ներառական կրթություն: Ցավալի է նաև, որ այսօր ներառական կրթությունը շատ անհատների ու կազմակերպությունների համար դարձել է բիզնեսի միջոց, որովհետև հաշմանդամության թեման ոչ միայն նուրբ է ու հուզիչ, այլև ապահովում է մեծ եկամուտներ: Այսքանով հանդերձ, այսօր շատ տաղանդավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ դեռ անհամաբեր սպասում են, թե երբ կնկատեն իրենց և հնարավորություն կտան աջակցելու բոլորիս»- անհանգստանում է Հակոբը:

Զրույցի շարունակությունն առավել պայծառ ու ջերմ թեմայի շուրջ էր: Հակոբը պատմում է, որ կնոջը՝ Հենրիետտային, հանդիպել է 2008-ին ԱԱԻ-ում: Ժամանակի ընթացքում նա կարևոր մարդ է դառնում Հակոբի կյանքում: 2010-ին նրանք ամուսնանում են: Զույգն այժմ ունի երկու աղջիկ, որոնք ամբողջությամբ փոխել են զրուցակցիս կյանքը: Առկա դժվարությունները, առօրյա հոգսերը միանգամից թեթևանում են երեխաների զրնգուն ծիծաղով: «Ես արդեն ինձ համար չեմ ապրում, ես ապրում եմ նրանց համար, նրանց ուրախություններով: Իմ աղոթքներում միշտ խնդրում եմ, որ Աստված նրանց երջանիկ մանկություն տա, որ լինեն աստվածասեր, աստվածավախ, աղոթասեր, եկեղեցասեր մարդիկ»,-ասում է Հակոբը:

Հաջորդիվ անդրադարձանք Հայաստանում ապրող կույրերի խնդիրներին: Հակոբի խոսքով՝ դրանք տարբեր են՝ կրթության պակաս, աշխատանքի բացակայություն, տանից դուրս գալու դժվարություններ, մարդկանց հետ հաղորդակցվելու պակաս (որքան էլ համակարգչի ընձեռած հնարավորությունները շատացել են, ամեն դեպքում, կենդանի շփումն առավել կարևոր է համացանցայինից), ծնողների կողմից երեխաների շփումն ու տեղաշարժը սահմանափակող դեպքեր, անգամ ձեռնափայտից օգտվելու սահմանափակումներ և այլն, որ մի տեսակ հանգեցնում են հուսահատության և հոռետեսության:

Արդյունքում ֆիզիկական խնդիրը վերածվում է հոգեբանականի: «Կուրությունը պատիժ է դառնում, երբ ընտանիքում դրան համարժեք վերաբերմունք չկա, երբ երեխային փոքրուց ճիշտ չեն մեծացնում, կրթության չեն տալիս, փակում են տանը: Դրա համար էլ կույրերը չեն կարողանում ինքնադրսևորվել, վախենում են քայլ անել, ապագան մշուշային է նրանց համար: Ես հաճախ եմ ընկերներիս ասում, որ իմ չտեսնելն ինձ օգնել է շատ դեպքերում, որովհետև խնդիրը ոչ թե պիտի խորացնել, այլ առավելություն դարձնել: Ես մարդկանց համոզում եմ՝ ցանկության դեպքում կարող են շատ բան փոխել: Նաև մշտապես բարձրաձայնում եմ, որ ոչնչի չէի հասնի, եթե չլիներ Աստծո ամենահաս Ձեռքը: Ես հաջողակ մարդ եմ, որովհետև ունեմ աշխատանք, ընտանիք, բնակարան և այլն»,- ներկայացնում է Հակոբը:

Զրուցակիցս նաև նկատեց, որ չտեսնողների խնդիրները հաճախ պայմանավորված են նաև նրանց ոչ միասնական լինելով. «Մենք չենք կարողանում մեր առաջ կոնկրետ խնդիր դնել և դրա լուծմանը հասնել: Ուստի մինչև հասարակությունից, պետական նախաձեռնություններից բողոքելը, նախ պիտի կարողանանք ինքներս մեր մեջ համախմբվել, ինչ-որ հարցեր առաջ քաշել, լուծել, նոր պահանջել մյուսներից: Աշխատելու և ինքնադրսևորվելու համար չտեսնողներին այսօր շատ հատկանիշեր ու որակներ են պակասում: Կյանքի ընթացքում հասկացա այս ամենը, դրա համար վերջին շրջանում կույրերի միջավայրից ինձ հեռու եմ պահում՝ միաժամանակ ցավելով առկա ներքին անհարթությունների ու դժվարությունների համար»:

Հակոբը նաև հայտնեց իր դժգոհությունները՝ Կույրերի միջազգային օրվա հետ կապված: Նա նման օրերի գոյությունը համարեց աբսուրդի ժանրից. «Ի՞նչ է նշանակում Կույրերի միջազգային օր: Ի՞նչն ենք նշում, մեր կույր լինելը՞: Եվ երկրորդ, ես կուզեի՝ չտեսնողներն այնքան ներառված լինեին հասարակության մեջ, որ այդ մի օրվա կարիքը չլիներ: Դրա մեջ մեծ խտրականություն կա. այդ նույն խնդիրները պիտի ողջ տարվա ընթացքում առաջ քաշվի՝ այն էլ ոչ թե բարձրաձայնելով միայն, այլ լուծման ուղիներ առաջարկելով: Հակառակ դեպքում տարիներով կուտակված խնդիրները հանգեցնում են այլ խնդիրների: Իրականում մարդիկ լավ չեն պատկերացնում կույրերի հոգսերը, որ կարողանան դրանց ճիշտ և արագ լուծում տալ: Ինչպես ներառական կրթության դեպքում, այնպես էլ այստեղ խնդիր չունեցող մարդը փորձում է լուծել խնդիր ունեցողի խնդիրները»,-իր մտահոգությունները հայտնեց Հակոբը:

Զրույցի վերջում Հակոբն ասաց, որ, ի տարբերություն տեսնողների, ինքը խորամուխ է լինում ոչ թե երևույթների արտաքին հատկանիշերի, այլ դրանց էության մեջ: Ըստ նրա՝ տեսողությունը շատ դեպքերում խանգարում ու խաբուսիկ է լինում: «Ես հավատում եմ մեր երկրի ապագային, և սպասում եմ՝ ի վերջո, կգա մի լուսավոր ուղեղ, որ կունենա ճշմարիտ քրիստոնեական արժեքներ և կկարողանա ամեն բան իր տեղը դնել»,- ասում է Հակոբն ու անկեղծանում մի վերջին անգամ. «Որքան էլ իմ կյանքն ինձ դուր է գալիս, բայց, մեկ է, շատ եմ ցանկանում տեսնել երեխաներիս, ծնողներիս նկարները, իմ մանկության թաղամասը, մարդկանց դեմքերը, եկեղեցիները, արևը, ջրի հոսքը: Եթե երբևէ տեսած չլինեի, գուցե այսքան այդ ամենի կարիքն ու անհրաժեշտությունը չզգայի, բայց տեսել եմ ու կարոտում եմ...»:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: