Հայերեն   English   Русский  

​Աթամբաևը պահանջել է ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված իր կողմնակիցներին


  
դիտումներ: 83

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պահանջել է հանրապետության իշխանություններից ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված իր կողմնակիցներին: Այդ մասին ասված է այսօր նրա կայքում տեղադրված հայտարարությունում:

«Արդար կլինի և գլխավորը՝ օրինական, ազատ արձակել բոլորին, որոնց նստացրել են քննչական մեկուսարանում այն գործերով, որոնք կապված են 2019 թ. օգոստոսի 7-8-ին Կոյ-Տաշ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Իշխանությունը քաջ գիտի, որ նշված մարդիկ որևէ մեղավորություն չունեն, իսկ եթե ինչ-որ հարցեր կան, թող ինձ ուղղեն»,- մեջբերում է Ղրղըզստանի նախկին ղեկավարի հայտարարությունից ՏԱՍՍ գործակալությունը:

Նա նաև հավաստել է, որ պատրաստ է բանտարկության ցանկացած ժամկետի: «Բայց բոլորը, որոնք ձերբակալվել են օգոստոսի 7-8-ի իրադարձությունների պատրվակով, պետք է ազատվեն, նրանք մեղավոր են միայն այն բանի համար, որ հավատացել են արդարությանը, օրենքներին, երկրի սահմանադրությանը»,- կարծում է նախկին նախագահը:

Միաժամանակ նա խոստովանել է, որ իր կառավարման ժամանակ բացթողումներ և սխալներ է թույլ տվել իր աշխատանքում: «Եղել են և սխալներ, որոնք ես հրապարակավ ընդունել եմ և ներողություն խնդրել Ղրղըզստանի ժողովրդից: Ես չափից ավելի եմ վստահել որոշ ընկերների ու օգնականների, չափից ավելի եմ վստահել ուժայիններին, բայց ես ազնվորեն եմ աշխատել հանուն Ղրղըզստանի բարօրության, հանուն երկրի և մարդկանց»,- ընդգծել է Աթամբաևը:

Նրա կարծիքով՝ երկրի իշխանությունների գործողությունները նախկին նախագահի և նրա կողմնակիցների նկատմամբ «որևէ աղերս չունեն երկրի շահերի հետ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: