Հայերեն   English   Русский  

Գոռ Երիցյան. «Պետք է մարզվենք, շարժվենք առաջ և նվաճենք համաշխարհային ռինգերը»


  
դիտումներ: 1416

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում իր հաղթարշավը շարունակեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը:


Հայ մարզիկը 8-ռաունդանոց մենամարտում պարտության մատնեց ճապոնացի Շոկի Սակային:
Անկախի հետ զրույցում Գոռը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, անցկացրած մենամարտի և հաղթանակի շնորհիվ Top Rank ընկերության հետ առաջիկայում պայմանագիր կնքելու մասին:


-12-րդ անըդմեջ հաղթանակը տոնեցիք պրոֆեսիանալ ռինգում. շնորհավորում ենք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:


-Նախապատրաստական շրջանն անցկացրել եմ ԱՄՆ-ում Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ` Wild Card Gym ակումբում` սպարինգային ցիկլ անցնելով: Wild Card Gym ակումբ սպարինգների են գալիս ողջ Ամերիկայի ուժեղագույն բռնցքամարտիկները: Wild Card Gym-ում մշտապես սպարինգների մեջ եմ նոր ու փորձառու բռնցքամարտիկների հետ: Չեմպիոններ, հայտնի բռնցքամարտիկներ են գալիս: Փորձի փոխանակումը շատ կարևոր է մարզիկի համար, և կարևոր չէ` բռնցքամարտիկը նորեկ է այս ասպարեզում, թե` անպարտելի մարզիկ: Ամենօրյա մարզումներից մարզիկի մակարդակը բարձրանում է:
Ըստ պլանավորվածի` պետք է մենամարտեի մեքսիկացի Դամիեն Լոպեսի հետ, սակայն մենամարտից միառժամանակ առաջ տեղեկացրեցին, որ վերջինս հրաժարվում է ռինգ դուրս գալ`պատճառաբանելով, որ վնասվածք ունի, ինչը, կարծում եմ, քիչ հավանական էր: Հենց հաջորդ օրը Top Rank պրոմոութերական ընկերությունն

Գոռ Երիցյան 2019

առաջարկեց մենամարտել ճապոնացի Շոկի Սակայի հետ: Վերջինս շատ ավելի ուժեղ ու փորձառու էր, և անհամեմատելի էր Դանիել Լոպեսի հետ:
Մենք միանշանակ համաձայնեցինք` առանց հարժարվելու և խնդիրներ առաջացնելու:


-Ձեր մենամարտի մասին ի՞նչ կասեք: տպավորված Top Rank-ը շտապեց պայմանագիր առաջարկել: Համաձայնության եկե՞լ եք:


-Այս անգամ, բնական է, ավելի ազատ էի, նյարդերս հանգիստ էին, մտածելու շատ բան չկար: Ունեի հստակ նպատակ, որի համար գնացել էի, անորոշություն չկար, Գիտեի, որ կա մենամարտ, որը պետք է հաղթեմ և կարիերայիս շարունակության համար նոր դռներ ու ճանապարհներ բացեմ: Դրա համար մարտական տրամադրված գնացել էի, շատ հանգիստ մենամարտն անցկացրի. ամեն բան մեր սրտով եղավ.
Մենամարտը վերցրինք, պատրաստվեցինք և շատ լավ մեզ ցույց տվեցինք: Մենամարտը դեռ չավարտված` առաջին ռաունդից հետո Top Rank-ն պայմանագիրն արդեն ուղարկել էր իմ մենեջեր Արամ Դավթյանին: Մենամարտի սկզբից ամեն բան պարզ էր նրանց համար:
Հիմա արդեն պայմանգիրը մեզ մոտ է. փոփոխությունների կարիք կա, որոշ կետեր պետք է ուղղվեն: Իրենք նոր պայմանագիրը մեր պահանջած կետերով կկազմեն և կուղարկեն Հայաստան, որ ստորագրեմ: Մյուս մենամարտն արդեն կանցկացնեմ որպես Top Rank պրոմոութերական ընկերության բռնցքամարտիկ:
Այդ պայմանագրով պետք է շարժվենք հետագայում, դրա համար ամեն բան պետք է մեր ուզածով լինի: որպեսզի խնդիրներ չառաջանան: Դրա համար ամեն բան ուշադիր ուսումնասիրել են Արման Դավթյանի Punch Boxing Promotion-ի իրավաբանները: Top Rank-ը պատրաստ է ամեն կետ վերանայելու և պայմանագիր կնքելու:


-Մենամարտից հետո վերադարձել եք Հայաստան. մարզումային ցիկլն ինչպե՞ս եք կարգավորում:


-Իմ մարզիչը դիմամոյական Մարտուն Մելիքյանն է, առաջին քայլերս նրա մոտ եմ սկսել: Հայաստանում սպարինգային մարտեր չեմ անում, աշխատում եմ ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ վիճակի բարելավման վրա: Մենամարտից առաջ սպարինգների համար գնում եմ Ֆրեդի Ռոուչի մոտ` մարզվելով նրա գլխավորությամբ: Հայաստանում, կարելի է ասել, որոշակիորեն հանգստանում եմ:


-Ե՞րբ եք պատրաստվում անցկացնել հաջորդ մենամարտը:


Մենեջեր Արամ Դավթյանն առաջարկել է, որ դեկտեմբերի 13-ին ,եթե համաձայնեցնենք Top Rank-ի հետ, մենամարտ անցկացնեմ: Արամ Դավթյանի շուուն է լինելու Մոսկվայում, լավ բռնցքամարտիկներ են հանդես գալու: Ըստ պայամանավորվածության` այս տարի ԱՄՆ-ում այլևս մենամարտ չեմ անցկացնելու: Ցանկալi է, որ որ երկար դադար չլինի, ուստի, լավ կլինի, որ համաձայնության գանք և ռինգ դուրս գամ:


Գոռ Երիցյան 2019

- Վերջերս պրոֆեսիոնալ ռինգում իր հաղթական նորամուտը նշեց Արման Դարչինյանը` կրկին Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ: Մենամարտի օրն Արմանի կողքին էիք. նկատելի էր, որ ամեն կերպ աջակցում և ոգևորում էիք մարզական ընկերոջը:


-Բռնցքամարտում Արման Դարչինյանի հետ առաջին քայլերը միասին ենք կատարել: Ֆրեդի Ռոուչի հետ բազմիցս եմ խոսել Արմանի մասին՝ նշելով որ շատ լավ բռնցքքմարտիկ է: Պայմանավորվեցինք, որ Արմանին հանդիպի, նրա հնարավորություններին ծանոթանա: Վիկ Դարչինյանն էլ զրուցեց Ֆրեդի Ռոուչի հետ ու համաձայնության եկան, որ Արմանը գա ԱՄՆ: Արմանը եկավ, բնականաբար, բոլորը հավանեցին նրան և որոշեցին, որ իր դեբյուտն անի պրոֆեսիոնալ ռինգում: Արմանը շատ գեղեցիկ մենամարտ անցկացրեց, 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի բռնցքամարտիկ Քենդել Թեյլորին, պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը տպավոիչ կերպով նշանավորեց: Վստահ եմ, որ այս հաջողությունը շարունակական է լինելու: Արմանն աշխատասեր և տաղանդավոր բռնցքամարտիկ է: Փորձում ենք մեկս մյուսին աջակցել, ինչով կարող ենք օգնել: Օտարության մեջ, օվկիանոսից այն կողմ հարազատների, ընկերների կարիքը միշտ կա: Ինձ համար շատ ուրախալի է և հաճելի, որ ընկերս գալիս է և միասին ենք մարզվում, դա ամեն ինչից վեր է:
Մեր կարիերայի, բռնցքամարտով զբաղվելու ընթացքում TV-ներով ենք տեսել այն ամենը, ինչ-որ հիմա մեզ հետ կատրավում է: Մենք չէինք էլ կարող պատկերացենլ, որ մի օր կհայտնվենք այս մակարդակում: Հիմա այդ կենտրոնում ենք, բոլորը մեզնով հետաքրքրված են, լուրջ առաջարկներ են անում: Ամեն բան անելու ենք հաջողության հասնելու համար: Պետք է մարզվենք, շարժվենք առաջ` փորձելով նվաճել համաշխարհային ռինգերը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: