Հայերեն   English   Русский  

Ռումինիայում հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի օր է հռչակվել


  
դիտումներ: 243

Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ հանդիսավոր միջոցառում: Այս մասին տեղեկացնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից:

«Սա յուրահատուկ շնորհակալության առիթ է, և մենք մեր համալսարանով ուզում ենք սրտանց շնորհակալություն հայտնել Ռումինիայի ժողովրդին, երկրին և պետությանն այդ որոշումը կայացնելու համար»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Միջոցառումը կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը: Իր հերթին ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել Հայ-Ռուսական համալսարանին միջոցառումը կազմակերպելու համար և իր ելույթում թվարկել հայ-ռումինական հարաբերությունների կարևոր հանգրվանները, ինչպես նաև 1992թ.-ից ի վեր երկկողմ հարաբերություններում գրանցված հաջողությունները:

Միջոցառման ընթացքում տեսակապով հանդիսության մասնակիցներին իր խոսքն է հղել նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Համոզված եմ, որ այս միջոցառումը, որը նվիրված է Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագծի ընդունմանը, կնպաստի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը: Պետք է նշեմ, որ այդ օրինագիծը նախաձեռնել են Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը»,- շեշտել է նա:

Ռումինիայի սենատը 2019թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Իսկ սեպտեմբերի 24-ին վերոնշյալ օրինագիծը միաձայն ընդունել է նաև Ռումինիայի Պատգամավորների պալատը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: