Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 12-ին թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 44

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն:

Առողջապահության առջև կանգնած այս լուրջ խնդրում մեծ դերակատարում ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որն առաջանում է դրանց անհարկի նշանակումների և ինքնաբուժման հետևանքով:

Թոքաբորբի կանխարգելման առումով կարևոր դեր ունի իմունիզացիան: Աշխարհի շուրջ 103 երկրում, ինչպես նաև Հայաստանում, պնևմակոկային պատվաստումը ներառված է ազգային ծրագրերում: Միաժամանակ, հիվանդության կանխարգելմանը կարող է նպաստել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:

ԱՀԿ տվյալների համաձայն` պնևմակոկային պատվաստման գլոբալ կիրառմամբ 2030 թվականին կկանխվի շուրջ 5,4-7,7 միլիոն մանկական մահ:

Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարումով և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով: Այս հիվանդությունների պատճառագիտության մեջ պնևմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89%: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը:

Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել բժշկի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: