Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանն այսօր դատարան է ներկայացել անվասայլակով. նրան դիմավորել են ծափահարություններով


  
դիտումներ: 45

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մանվել Գրիգորյանը դատարան է ներկայացել անվասայլակով, նրան նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով և «առողջություն զորավարին» կոչերով:

Նշենք, որ այսօրվա նիստում քննվում է ամբաստանյալի կալանքի հարցը: Գրիգորյանը խոսում է դժվարությամբ, նրան միացված է թթվածնային խողովակ։ Ամբաստանյալին ուղեկցում են շտապօգնության բժիշկները:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի գործով կայանալիք դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը՝ 12։00-ին հետաձգվել էր, քանի որ պաշտպանները հայտնել էին, որ բժիշկները Մանվել Գրիգորյանին թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին, ինչին ամբաստանյալը համաձայնել է։ Ամբաստանյալի պաշտպաններն ասել էին, որ տեղափոխման խնդիր կա, քանի որ Գրիգորյանին կաթիլային սարք է միացված։ Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև ժամը 14։00-ը՝ Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: