Հայերեն   English   Русский  

Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, և տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին. դա ճի՞շտ է. Նաիրա Զոհրաբայնը՝ Իմ քայլին


  
դիտումներ: 66

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում դիմելով Իմ քայլը խմբակցության պատգամավորներին, իր դժգոհությունն արտահայտեց, որ նրանք քննադատում են Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նոր օրինագիծը:

«Ես տպավորություն ստացա, որ այստեղ ասում են՝ եթե այսպես չլինի, ուրեմն այնպես կլինի. սա շատ ոչ կոռեկտ գործելաոճ է: Երկրորդ ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ ոք չի վաստակել: Եթե մենք հիմա իրենց սկսենք ինչ-որ բաներ հիշեցնել... հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձերից պակաս է: Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել: Չեմ կարծում, որ այս տգեղ խոսակցությունը հարիր է մի խորհրդարանի, որտեղ բացարձակապես այլ բանավեճեր պետք է լինեն:

Ի վերջո, ի՞նչ է պատահել, Գեւորգ Պետրոսյանը հայտնեց իր կարծիքը, հիմա ո՞վ շեղեց մեր բովանդակային քննարկումները օրենքի նախագծերից՝ մենք, թե դուք, երբ 30 հոգով վեր կացաք եւ սկսեցիք քննարկել մի պատգամավորի, որն այս պահին դահլիճում չէ: Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, եւ տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին: Հիմա դա ճիշտ է, թե սխալ է»,-ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ եթե համաձայն չեն այս կամ այն հնչած կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի. «Ես էլ շատ տեսակետների հետ համաձայն չեմ: Օրինակ պարոն Աղազարյանի տեսակետի հետ, որ եթե պատգամավորը ելույթ է ունենում, պետք է մեխված մնա իր տեղում եւ իրավունք չունի դուրս գալու դահլիճից: Ոչ, պարոն Աղազարյան, եթե ես որոշեմ դահլիճից դուրս գամ, ոչ դուք, ոչ նախագահությունը, ոչ էլ որեւէ մեկը ինձ չի կարող արգելել: Մենք պետք է վերադառնանք կառուցողական դաշտ, իսկ այստեղ սպառնալիքներ հնչեցնելը առնվազն մանկամտություն է»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Դուք եք օրակարգ բերում այդ հետաքրքիր թեմաները, մեզ մի մեղադրեք, իսկ տղամարդ պատգամավորը դահլիճում պետք է լինի, որովհետեւ իր ներկայացրած օրինագծի հետ կապված քննարկում է տեղի ունեցել: Վեր է կենում գնում է դահլիճից, դրան էլ պետք է մենք հետեւե՞նք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: