Հայերեն   English   Русский  

Մհեր Գրիգորյանը կարգավորումների ներդաշնակեցման հարցերի համար «Անտիկոնտրաֆակտը» համարում է լավ հարթակ


  
դիտումներ: 61

Մտավոր սեփականության, ապրանքների շրջանառության հետ կապված հարցերի կարգավորումը կերաշխավորի եվրասիական տնտեսական միության տարածքում արտահանման պոտենցիալի իրագործումը:

Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին իր բացման խոսքում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ՀՀ կառավարության անունից ողջունելով Հայաստանում համաժողովի անցկացումը:

«Գրավիչ է այն փաստը, որ այսպիսի համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Երևանում, որովհետև այն թեման, որը մենք այսօր կքննարկենք, ակտուալ է բոլորի համար ամբողջ աշխարհում, սակայն հատկապես ակտուալ է մեր երկրների համար` նկատի ունենալով աշխարհագրական, աշխարհաքաղաքական առանձնահատկությունները: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերը և գաղափարների նյութականացումը այն թեմաներն են, որոնք հատուկ ակտուալություն ունեն»,- ասաց Գրիգորյանն ու նկատեց` ապրանքների շրջանառության ու մտավոր սեփականության տեսանկյունից այդ հարցերի կարգավորումը երաշխիք է, որ կիրագործվի այն արտահանման պոտենցիալը, որը շատ կարևոր է:

Փոխվարչապետի կարծիքով` ոչ միայն այս, այլև բոլոր ոլորտներում կան հարցեր, որոնք առանց ԵԱՏՄ հինգ երկրների քննարկումների կմնան անլուծելի: Ապրանքների շրջանառության հետ կապված խնդիրները կբերեն լուրջ հարցերի: Գրիգորյանը նկատեց, որ այս իմաստով լավ հնարավորություն ունեն` քննարկելու կարգավորումների ներդաշնակեցման, օրենքների ներդաշնակեցման հարցեր: «Լավ հնարավորություն ունենք` փոխանակվելու փորձագետների կարծիքներով և հանգելու այնպիսի մոդելի, որ առաջին հերթին իրագործելի կլինի ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանում և կաշխատի արդյունավետորեն»,- ասաց Գրիգորյանը:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: Այն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլն:«Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության։ Աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան:

Այս տարի միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: