Հայերեն   English   Русский  

Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ զոհված փրկարարը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով


  
դիտումներ: 74

Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լոռու մարզային փրկարարական վարչությունից հոկտեմբերի 25-ին ժամը 11:37-ին Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարար Սամվել Դ.-ն ( ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Գ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: