Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 411

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում նշվեց երկու նշանավոր տարեթիվ՝ Բեռլինի պատի անկման 30-րդ տարեդարձը և Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության գրավման 40-րդ տարելիցը:

Բեռլինի պատը և պատանդների 444 օրը Թեհրանում

30 տարի առաջ նոյեմբերի 9-ին ընկավ Գերմանիան երկու մասի բաժանող Բեռլինի պատը՝ սառը պատերազմի և կոմունիստական իշխանությունների խորհրդանիշը: Պատից փաստացի գրեթե ոչինչ չի մնացել, բայց դրա տեղում՝ Բեռլինի կենտրոնում, անցած շաբաթ օրը տեղի էին ունենում հանդիսավոր արարողություններ: Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը և ուրիշ քաղաքական գործիչներ հանդես եկան ելույթներով, Մերկելը հատուկ շեշտեց, որ ժողովրդավարությունը և ազատությունը ձեռք են բերվել սերունդների պայքարի գնով: Այնուհետև տոնակատարության մասնակիցները մոմեր վառեցին ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են՝ փորձելով փախչել Արևմուտք: Բրանդենբուրգյան դարպասների վրա հրավառություն արվեց:

Իսկ Թեհրանում այս օրերին հիշում էին 40 տարվա վաղեմության իրադարձությունները, որոնք երկիրը մատնեցին մինչ օրս շարունակվող դիվանագիտական ճգնաժամի:

Իսլամական հեղափոխությունից և այաթոլլա Հոմեյնիի իշխանության գալուց հետո մի քանի հարյուր արմատական տրամադրված իրանցի ուսանողներ ներխուժեցին Թեհրանում ամերիկյան դեսպանատան շենք և պատանդ վերցրին մի քանի տասնյակ աշխատակիցների:

Ուսանողները պահանջում էին ԱՄՆ-ից հանձնել իրենց 1979 թ. գահընկեց արված շահ Մոհամմեդ Ռեզա Փեհլևիին, որը Նյու Յորք էր մեկնել բուժման համար: ԱՄՆ-ն հրաժարվեց, սակայն ռազմական գործողություն էլ չձեռնարկեց՝ սահմանափակվելով Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներով: Ճգնաժամը ձգվեց 444 օր, վերջին պատանդներին ազատեցին 1981 թ.:

Աշնանային «արաբական գարունը» և եռացող Լատինական Ամերիկան

Լիբանանում և Իրաքում շարունակվեցին զանգվածային ընդվզումները: Մարդիկ դժգոհ են կոռուպցիայից, գործող քաղաքական համակարգից և գործազրկության բարձր մակարդակից: Երկու երկրներում էլ ղեկավարությունը դիմեց զիջումների, բայց ցուցարարներն առաջվա նման լցվում են փողոցները՝ պահանջելով արմատական փոփոխություններ: Այս աշունը հետզհետե ավելի ու ավելի է նմանվում «արաբական գարնան», որի զարգացումներն ու հետևանքներն առայժմ տեսանելի չեն:

Սիրիան պատերազմի դադարից դեռ շունչ չքաշած ու մեջքը չուղղած՝ այժմ էլ պայքարում է թուրքական զորքերի ու ահաբեկիչների դեմ: Միայն հոկտեմբերի 17-ից՝ հրադադարից հետո ավելի քան 180 քուրդ զինյալ է զոհվել թուրքական բանակի և Անակարի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումների գրոհների հետևանքով:

Կատալոնցիները շարունակում են ճանապարհներ փակել ու բարիկադներ կառուցել, պայքարի նորանոր ձևեր հորինել Կատալոնիայի անկախության շարժման առաջնորդներին բանտից ազատելու համար:

Չիլիի մայրաքաղաքում և այլ քաղաքներում չթուլացող թափով շարունակվեցին զանգվածային ցույցերը կառավարության սոցիալական քաղաքականության դեմ, որոնք ուղեկցվեցին բախումներով իրավապահ մարմինների հետ, ընդհուպ իրավապահների վրա պայթուցիկ խառնուրդով լցված շշեր են նետելով: Այստեղ անկարգությունների հետևանքով տուժածների թիվն արդեն անցել է 1600-ից:

Իսկ Բոլիվիայում զանգվածային անհնազանդության ցույցերը, որոնք սկսվել էին հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո (ցուցարարները դրանց արդյունքները կեղծված էին համարում) ավարտվեցին գործող նախագահի հրաժարականով:

Այստեղ տեղի ունեցող կատաղի առճակումների մասին պատկերացում կազմելու համար բավական է օրինակ բերել վերջին դրվագներից մեկը: Բոլիվիայի մի ոչ մեծ քաղաքում երկու ցուցարարների մահվան լուրը տարածվելուց հետո զայրացած ամբոխը «մարդասպան, մարդասպան» գոռալով հարձակվել է քաղաքապետարանի վրա, քաղաքապետին բոբիկ քարշ է տվել փողոցներով, վրան ներկ լցրել, բռնությամբ կտրել մազերը և ծնկի բերելով ստիպել է, որ քաղաքապետը հրաժարականի դիմում ստորագրի:

Կիրակի օրը միջազգային դիտորդների խումբը հաստատեց ցուցարարների կասկածները, հայտարարվեց, որ ընտրացուցակներում մեծ թվով կեղծ ստորագրություններ և զանգվածայաին նենգափոխումներ են եղել ընտրությունների ընթացքում: Գործող նախագահ Էվո Մորալեսը ընդունեց դիտորդների որոշումը և հայտարարեց, որ հարկ է կրկնակի ընտրություններ անցկացնել: Սակայն ցուցարարները պահանջում էին նրա անհապաղ հեռացումը նախագահի աթոռից: Երբ նույնը պահանջեցին նաև բանակի գլխավոր հրամանատարը և ազգային ոստիկանության ղեկավարը, Մորալեսին ոչինչ չէր մնում, քան հրաժարական տալը: Նրանից հետո հրաժարական տվեցին նաև փոխնախագահը և խորհրդարանի խոսնակը: Փողոցները լցված ցուցարարները բացականչում էին՝ այո, մեզ հաջողվեց դա: Ինքը՝ Մորալեսն իրեն հեղաշրջման զոհ է համարում:

Թրամփը չի հասցնում պաշտպանվել հարվածներից

Մինչ շարունակվում է Միացյալ Նահանգներում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը, Նյու Յորքի դատարանը պարտավորեցրեց նրան 2 մլն դոլար վերադարձնել մի որոշ կառավարական կազմակերպությունների, քանի որ 2016 թ. միջոցներ է օգտագործել իր բարեգործական հիմնադրամից նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Ընդ որում, դատարանը մասնակի բավարարեց մեղադրողի պահանջները: Նյու Յորքի գլխավոր դատախազը պահանջել էր 2,8 մլն դոլար փոխհատուցում և արգելել Թրամփին ու նրա երեխաներին լինել որևէ ոչ կառավարական կազմակերպության տնօրենների խորհրդում: Անցած տարվա դեկտեմբերին, երբ սկսվել էր դատավարությունը, Թրամփը համաձայնել էր փակել իր Trump Foundation բարեգործական հիմնադրամը:

Բավական չէր, The Washington Post-ը գրեց, որ ձեռք է բերել նոյեմբերի 19-ին լույս տեսնելիք «Նախազգուշացում» գրքի պատճենը և ծանոթացել նրա բովանդակությանը։ Թրամփի մասին այս հերթական աղմկահարույց գրքում, որի հեղինակի անունն անհայտ է, նա ներկայանում «բարձրաստիճան պաշտոնյա ԱՄՆ նախագահի աշխատակազմում», Դոնալդ Թրամփը նկարագրված է որպես անկայուն, ապիկար և անպիտան գլխավոր հրամանատար, նա ռասիստական և կնատյաց հայտարարություններ է անում, ծաղրում է, շփոթվում, հեշտությամբ բորբոքվում և տեղեկությունների համադրման հետ կապված խնդիրներ է ունենում։

Պայքար Եվրոպայում խորհրդարանական տեղերի համար

Մեծ Բրիտանիայում սկսվեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, այն ընտրությունների, որոնք ձեռնարկվեցին փակուղի մտած բրեքսիտի հետևանքով և իբրև թե հանգուցալուծելու են բրեքսիտի թնջուկը: Ինչպես և սպասվում էր, անողոք պայքար սկսվեց պահպանողականների և լեյբորիստների միջև, ընդհուպ միմյանց Ստալինի հետ համեմատելով կամ Պուտինի հետ ծածուկ կապերի համար մեղադրանքներով:

Այսպես թե այնպես, կարծես թե նոր սկանդալ է հասունանում՝ կապված պահպանողականների հետ: Բանն այն է, որ կառավարությունը՝ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, ձգձգում է բրիտանական քաղաքականությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հետախուզության և ոստիկանության զեկույցի հրապարակումը, չնայած այդ են պահանջում թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ ընդդիմադիրներն ու լրատվամիջոցները: Բայց և այնպես զեկույցի մի հատված հայտնվեց մամուլում: Sunday Times թերթը, չմատնանշելով իր աղբյուրները, գրեց, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող ինը գործարար ֆինանսավորել է Պահպանողական կուսակցությանը:

Կիրակի օրն էլ Իսպանիայում տեղի ունեցան չորրորդ համընդհանուր ընտրությունները վերջին չորս տարվա ընթացքում: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա ապրիլին:Եվ ապարդյուն: Իշխող սոցիալիստական կուսակցությունը ամենից շատ ձայներ ստացավ, սակայն չունեցավ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: 2015 թվականից ի վեր Իսպանիային չի հաջողվում ունենալ կայուն կառավարություն: Այժմ բանակցություններ են սկսվում բոլոր կուսակցությունների միջև հնարավոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար: Այս իրավիճակը, ի դեպ արձանագրվում է վերջին շրջանում նաև աշխարհի ուրիշ երկրներում:

Հավելենք, որ անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աղմկահարույց հայտարարություն արեց, թե ՆԱՏՕ-ն այժմ կոմայի մեջ է: Իսկ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարեց, որ Եվրոպան պետք է սովորի խոսել ուժի լեզվով, այսինքն՝ պետք է ցույց տա իր մկաններն այնտեղ, որտեղ երկար ժամանակ հույսը դրել է ուրիշների վրա, օրինակ՝ անվտանգության քաղաքականության մեջ:

Եվրոպան կարծես փորձում է թափ տալ իրեն, սակայն առայժմ հայտարարություններից այն կողմ չի անցնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: