Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ


  
դիտումներ: 200

Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով իր գործընկերոջն իր իսկ պաշտոնավարման ընթացքում Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցելության կապակցությամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Այս մեկուկես տարվա ընթացքում մենք բավականին ինտենսիվ երկխոսություն և հանդիպումներ ենք ունեցել: Ես մեծ ջերմությամբ եմ հիշում անցած տարի Մոսկվա կատարած իմ այցը և տարբեր հարթակներում մեր հաճախակի հանդիպումները: Շատ բարձր եմ գնահատում մեր արտգործնախարարությունների միջև փոխգործակցության դինամիկան: Բոլոր ուղղություններով մենք ունենք բավականին ակտիվ երկխոսություն: Ամենաբարձր մակարդակով մեր երկխոսությունը եղել և մնում է շատ ակտիվ։

Երեկ մենք հիանալի հնարավորություն ունեցանք բացելու «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը, որը սկիզբ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Հայրենական պատերազմի հաղթանակի տոնակատարություններին: Ես համոզված եմ, որ նախքան մայիսի 9-ը բազմաթիվ հնարավորություններ կլինեն՝ ընդգծելու այդ ամենի կարևորությունը, դերն ու նշանակությունը մեր ժողովուրդների հարաբերություններում»:

ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին գոհունակություն հայտնեց իր այցի կապակցությամբ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերգեյ Լավրովը արձանագրեց դաշնակցային հարաբերությունների շրջանակներում բարձրաստիճան շփումների շարունակականությունը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ՀԱՊԿ, ԵԱՀԿ կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունների ակտիվացման, միջխորհրդարանական ակտիվ կապերի առկայության, հումանիտար ոլորտում, երիտասարդական հարցերում համատեղ ծրագրերի ու միջոցառումների անցկացման կապակցությամբ:

ԱԳ նախարարները կարևորեցին միջազգային կառույցներում երկու պետությունների կողմից միմյանց ցուցաբերվող աջակցությունը և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործացկությունը բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արծարծեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ: Կողմերն անդրադարձան նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ շեշտելով խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ:

Նույն օրն առավոտյան Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՌԴ ԱԳ նախարարը նաև դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: