Հայերեն   English   Русский  

Բացահայտվել է Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան հանգամանքները


  
դիտումներ: 53

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Լեռնահովիտ գյուղի՝ 39-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն:

Նախնական տվյալներով՝ Տաշիր քաղաքի 45 -ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, իր առանձնատան մոտ, մի քանի անձինք մոտեցել են իր հորեղբոր որդուն՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի 39 -ամյա բնակչին, և նախկինում ծագած տարաձայնությունների պատճառով հարձակվել և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հարվածներին և դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ դեպքից հետո եղբայրները գնացել են տուն և գիշերել, որտեղ էլ 39-ամյա տղամարդը մահացել է:

Դեպքի առթիվ 2019 թվականի հունիսի 04-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի, 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են նաև մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի, դիակի զննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայանգարությունները և ենթարկվել զննության, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական համալիր, դատահետքաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

2019 թվականի նոյեմբերի 7-ին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1983 թվականին, ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նույնը օրը 36-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: