Հայերեն   English   Русский  

​«Ղարաբաղը ծախողների» և «դավադիրների» մասին


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 328

Հայաստանի քաղաքական ու քարոզչական դաշտում պարբերաբար հայտնվում է «Ղարաբաղը ծախում են» մեղադրանքը։

Մեղադրվողն օրվա իշխանությունն է լինում կամ՝ օրվա ընդդիմությունը։ Ըստ քաղաքական կոնյունկտուրայի։

Հիմա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքն էլ իր հերթին մեղադրում է «Ղարաբաղի դավադիրներին»։ Պատկերը տհաճ է ու վտանգավոր։ Ի դեպ, «դավադիրներ» և «ծախողներ» փնտրելը պարզունակ քարոզչական քայլ է։

Իրականությունն այն է, որ նորանկախ Հայաստանի ոչ մի ղեկավար կամ քաղաքական ուժ «Ղարաբաղը ծախելու» դավաճանական ցանկություն ու հնարավորություն չի ունեցել, չունի և չի ունենալու։

Այլ հարց է, որ Ղարաբաղը կարող է «ծախվել» ներքին ու արտաքին սխալ քաղաքականության, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական հաշվեկշռի խախտման (ի վնաս մեզ) և ամենակարևորը՝ սխալ մտածողության ու կոդերի արդյունքում («Մինչև Արցախի հարցը չլուծենք, Սերգո ջանը լավ չի ապրի» (նկատի է առնվում Արցախի մասով զիջումների գնալը՝ Հայաստանը պահելու ու զարգացնելու համար). այս կոդի կրողները մեր երկրի զարգացման բանալիները դնում են Անկարայում և Բաքվում)։

Մի խոսքով, «Ղարաբաղը ծախող» չկա։ Կա քաղաքականություն, որի արդյունքում կարող են խնդիրներ առաջանալ և ի վերջո անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել մեզ։

Պաշտպանյալի բռնած գիծը «ծախելու» ուղղությամբ է, և դա է պատճառը, որ այն քննադատության է ենթարկվում և պիտակավորվում։

Ես այն կարծիքի եմ, որ Փաշինյանը սխալ գիծ է տանում ոչ թե այն պատճառով, որ դավադիր է ու դավաճան (ինչպես որ մտածում է նրան քննադատողների մի մասը), այլ այն պատճառով, որ անփորձ է, գտնվում է քիրվայական մտածողության ազդեցության տակ, սեփական պատկերացումները չունենալու հետևանքով հայտնվել է դրսի ճնշումների ներքո և դիլետանտ է պետական կառավարման գործում։

Պաշտպանյալը ոչ թե դավաճան է, որը ներդրվել է դրսից, այլ փողոցից իշխանության կաբինետում հայտնված պատահական մարդ, որը խճճվել է, չունի լուծում և ձգտում է խուսափել պատասխանատվությունից։ Թե ինչպես նա կավարտի իր կարիերան, երկրորդական հարց է։ Առաջնայինն այն է, որ այդկարիերայի ընթացքում անվտանգության առումով հարվածներ չստանանք։ Մնացածը մեծ դժվարությամբ, բայց շտկելի է։

Մեկ բան պետք է բոլորիս համար անքննարկելի լինի։ Առանձին վերցրած Արցախի հարց գոյություն չունի։ Դա Հայաստանի ու Արցախի անվտանգության և վերջին հաշվով՝ մեր երկրի գոյության հարցն է։ Մենք դատապարտված ենք հաղթանակի և կհաղթենք՝ անկախ անցողիկ ու խանգարիչ հանգամանքներից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: