Հայերեն   English   Русский  

​Թբիլիսիում հանրահավաքներ են կինոթատրոնների մոտ «Հետո պարեցինք» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ


Ֆիլմը պատմում է պարողի սիրո մասին իր մրցակցի հանդեպ: Ավանդական արժեքների պաշտպանները դրա մեջ ԼԳԲՏ քարոզչություն են տեսնում:


  
դիտումներ: 352

Բողոքի ցույցերը վրաց-շվեդական «Հետո պարեցինք» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ, որը պատմում է միասեռ սիրո մասին, այսօր տեղի է ունենում միաժամանակ թբիլիսյան «Ամիրանի», «Կավեա սիթի մոլ», «Կավեա գալերեա Թբիլիսի» և բաթումյան «Ապոլլո» կիոթատրոններում:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Imedi հեռուստաընկերությանը:

Բոլոր կինոթատրոնների մոտ ներկա են «Վրացական երթ», «Մարդու իրավունքների պաշտպանության ընկերություն» հասարակական կազմակերպությունների անդամները, նրանց կողմնակիցները, ինչպես նաև հոգևորականության ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից:

Ցույցերի էպիկենտրոնը «Ամիրանի» կինոթատրոնն է, որ գտնվում է Մերաբա Կոստավայի պողոտայում: Այնտեղ հանրահավաքի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանների շարքը, ներխուժել դահլիճ և խանգարել ցուցադրությանը: Եղել է նաև պայթուցիկների օգտագործում: Հանրահավաքի մասնակիցները ֆիզիկական վիրավորանք են հասցրել ընդդիմադիր քաղաքական գործիչ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիդ Բերձենիշվիլիին, որը եկել է պաշտպանելու կինոդիտողներին: Նրանք նաև հայհոյանքներ են տեղացել ԶԼՄ-ների հասցեին:

Վրաստանի ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն հայտնել է լրագրողներին, որ «Ամիրանիի» մոտ առաջացած անկարգությունների ընթացքում ՆԳՆ-ի աշխատակիցները ընդհանուր հաշվով բերման են ենթարկել 11 մարդու:

Հանդիսատեսը, տոմս գնելով, ստիպված է եղել կինոդահլիճ մտնել ոստիկանության ուղեկցությամբ: Ներկայումս ցուցադրությունը բոլոր կինոթատրոններում, բացի «Ապոլլոյից», արդեն սկսվել է:

«Հետո պարեցինք» ֆիլմը 2019 թ. նկարահանել է վրացի ռեժիսոր Լևան Ակինը: Կինոնկարը պատմում է պարողի սիրո մասին իր մրցակցի հանդեպ, արդեն ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, նեևրկայացված է նաև «Օսկարի» և պայքարում է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ավանդական արժեքների պաշտպանները դեմ են դրա ցուցադրությանը: Նրանք համարում են, որ այդ ժապավենը ծառայում է ԼԳԲՏ քարոզչությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: