Հայերեն   English   Русский  

Ես ձեզ կարող եմ ուղիղ ասել, որ ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում. Նիկոլ Փաշինյանը՝ բողոքի ակցիայի մասնակիցներին


  
դիտումներ: 60

Ես ձեզ կարող եմ ուղիղ ասել, որ ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցարարների այն հայտարարությանը, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ տապալել է կրթության, գիտության ոլորտը, վարչապետն այսպես արձագանքեց.

«Որ թալանչի լիներ, որ ընդունելության քննությունների համար փող առներ, ոչ մեկ չէր բողոքի չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական քաղաքականաությունը, Հայաստանում կառավարությունն է իրականացնում այդ քաղաքականությունը, և ես կառավարության նիստում անդրադարձել եմ մանրամասն դրան, ես չեմ կիսում այն տեսակետները, որ փորձ է արվում մարդկանց ինֆորմացիայի պակասն օգտագործել, վախեր սերմանել, ներկայացնել, որ ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: Մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն երբեք չի եղել»:

Ցուցարարները նշեցին, որ իրենց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արգելել է խոսել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներից, դրան ի պատասխան վարաչապետն ասաց, որ պետք չէ նենգափոխել նախարարի ասածները: Խոսելով «Մել» ֆիլմին տրամադրվող ֆինանսավորման ու հասարակության դժգոհություններին՝ Փաշինյանն ասաց.

«Էն մարդը, որի մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է, որի պատվին մեր դրոշը բարձրացվել է: Ֆիլմի 90 տոկոս ֆինանսավորումն իրականացնում են այնպիսի երկրներ, որոնք տասնյակ և հարյուրավոր միլիոնների օգնություն են ցուցաբերում Հայաստանին, երբ այդ երկրներն ասում են մի փոքր էլ դուք ֆինանսավորեք ֆիլմին, ի՞նչ անենք, չֆինասավորե՞նք: Իմ ընկալմամբ այս ֆիլմը մարդու մասին է, չեմպիոնի մասին է, ու մենք ֆինանսավորում ենք որ ֆիլմ նկարվի մեր չեմպիոնի մասին»:

Այն դիտարկմանը, որ նման ֆիլմեր նկարելու համար ֆինանսավորում տրամադրում են, բայց գումար չեն տալիս հայոց թագավորների մասին ֆիլմեր նկարելուն ու հայագիտական ծրագրերի համար, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ի սկզբանե ասել է, որ ամեն ինչ անելու է, որ հայոց թագավորների մասին ֆիլմեր նկարվեն:

Նշենք, որ երեկվանից սկսված նստացույցը ԿԳՄՍ նախարարության առաջ դեռ շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: