Հայերեն   English   Русский  

Ես և Նաիրա Զոհրաբյանը երաշխավորություն ենք տվել Սամվել Ֆարմանյանի խնդրանքով. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 214

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքն ու ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Անահիտ Ֆարմանյանի համար միջնորդություն են ներկայացրել նրա եղբոր՝ Սամվել Ֆարմանյանի խնդրանքով:

«Երբ մենք պատգամավորներ էինք Սամվել Ֆարմանյանի հետ, նրա խնդրանքով մտավորական մարդու, թոռնատեր մարդու համար ես և տիկին Նաիրա Զոհրաբյանը տվել ենք երաշխավորություն, և նա ներկայացել է քննությանը: Ես չգիտեմ՝ ինչ է եղել, պարոն Ֆարմանյանը պնդում է, որ քաղաքական հետապնդում է, և նա դրանից հետո չի ներկայացել: Մենք նաև մեր ջանքերն ենք ներդրել, որ ներկայանա, բայց նա էլ արդեն տեղը չգիտի: ՀՔԾ-ն մեզ տեղեկացրել է, որ իրենք արդեն գնալու են կալանավորման ճանապարհով: Օրենքով սահմանված կարգով խափանման միջոցը փոխվել է»,-ասաց Մարուքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաեւ չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն եւ չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: