Հայերեն   English   Русский  

«Տեսնենք ո՞ր կառույցն է անիմաստ». Հանրային խորհրդի անդամը քաղաքական բանավեճի է հրավիրում


  
դիտումներ: 495

Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը Անկախ-ի խնդրանքով մեկնաբանել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչած գնահատականները Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ:

-Պարոն Պեպանյան, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Որպես Հանրային խորհրդի անդամ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Իրականում անիմաստը ներկա Ազգային ժողովն է: Ներկայիս Ազգային ժողովն արտահայտում է 2018 թ. դեմտեմբերի 9-ին եղած ժողովրդի տրամադրությունները: Այդ ժողովուրդն էյֆորիայի մեջ էր, որն այս տասը ամիսների ընթացքում անցել է: Ներկա ժողովուրդն արմատապես տարբերվում է դեկտեմբերյան ժողովրդից, և իշխանությունները, որ փաստացի ստացել էին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 34 տոկոսի քվեն, այսօր ավելի ցածր տոկոսի շահերն են արտահայտում (մոտ 20 տոկոսի), քանի որ իշխանություններին քվե տված շատ և շատ քաղաքացիներ հիասթափվել են, ոմանք էլ դարձել են հակաիշխանական:

Ներկա ԱԺ-ն արտահայտում է արդեն գոյություն չունեցող ժողովրդի շահերը: Ասվածի վառ ապացույցը հասարակությանը համակած ագրեսիան ու ատելությունն են: Նորմալ երկրներում, պետության շահերից ելնելով, նման դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, և ժողովրդին համակած ագրեսիան մարում է, բանավեճը տեղափոխում է ԱԺ: Ոչ նորմալ երկրներում, իշխանությունների շահերից ելնելով, չեն անցկացվում նոր ընտրություններ, ժողովրդին համակած ագրեսիան ահագնանում է, վերածվում բախումների, ցնցումների, հեղաշրջման կամ հեղափոխության: Ու ցիկլը կրկնվում է: Եթե երկրում համատարած ագրեսիա է, իսկ ԱԺ-ում հանդարտություն է, ապա դա խոր ճգնաժամի վառ ապացույց է:

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց որակողներին հետևալ առաջարկն ունեմ՝ ես ՀԽ-ից առանձնացնում եմ երեք անդամ ու հրավիրում եմ ԱԺ ողջ «Իմ քայլի» անդամներին քաղաքական բանավեճի՝ միջազգային փորձագետների մրցավարությամբ: Տեսնենք ո՞ր կառույցն է անիմաստ: Կարող են ՔՊ-ից էլ անսահմանափակ թվով մարդ բերել:

-Հանրային խորհուրդը պատրաստվո՞ւմ է այս հարցերը քննարկել:

-Ես ինքս դիմել եմ պարոն Մանուկյանին՝ այս հարցերի հետ կապված ՀԽ նիստ հրավիրելու խնդրանքով:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է թիրախավորվել Հանրային խորհուրդը:

-Կարծում եմ՝ հիմնական պատճառը ՀՀ քաղաքացի Վազգեն Մանուկյանի հրապարակայնորեն ասված տեսակետներն են: Եվ հետո, կա վախ Վազգեն Մանուկյան քաղաքական գործչից:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանական լծակների միջոցով, փաստորեն, քաղաքական հետապնդում է իրականացվում Վազգեն Մանուկյանի նկատմամբ:

-Կարող ենք: Այլ բացատրություն գտնել դժվար է: Ե՞րբ սկսեցին իշխանական ճամբարից տրտնջալ, թե ՀԽ-ն այն չէ…

-Պարոն Պեպանյան, խոսեցիք ճգնաժամի մասին: Այս իրավիճակում Հանրային խորհուրդը ի՞նչ դեր կարող է ստանձնել: Ի վերջո, այստեղ հավաքված է հասարակության առավել մտածող, քաղաքականապես չեզոք, մտավորական խավը: Հանրային խորհուրդը կարո՞ղ է իր դերակատարումն ունենալ այս խնդիրների լուծման և ճգնաժամի հաղթահարման գործում:

-Հանրային խորհուրդը կարող է խորհուրդներ տալ կառավարությանը լուծումների վերաբերյալ, բայց հարց է՝ կընդունվե՞ն այդ առաջարկները: Դա է ՀԽ լիազորությունը:

-Իսկ հասարակության հետ անելիք չկա՞:

-Հանրային խորհուրդն իրավունք ունի քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնել, նպաստել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը, բացահայտել հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը և այլն: Թերևս կարիք կա այդ ուղություններով ակտիվանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: