Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 810

Շաբաթը, ինչպես միշտ, սկսվեց հերթական ցնցող նորություններով և նախորդ շաբաթվա իրադարձությունների ծանր տպավորության տակ:

Երբ դասալիքն ու օտարերկրյա գործակալը ներքին քաղաքականության օրակարգ է ձևավորում

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել անվանի բժիշկ և Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին: Նրան վերագրվող ծիծաղելի, անհեթեթ մեղադրանքը՝ «իշխանության յուրացում», արդեն նախորդ շաբաթ պարզաբանել ենք: Այնուհետև հերթը հասավ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին: Շրջանառության մեջ դրվեց տխրահռչակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի քստմնելի հերյուրանքը Վազգեն Մանուկյանի հասցեին:

Նախ Բաբաջանյանը դիմեց վարչապետին Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Սակայն պարզվեց, որ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում ազատել Հանրային խորհրդի նախագահին, այնուհետև Բաբաջանյանը լուր տարածեց, որ մտել է բանտ, երկուսուկես ժամ զրուցել հայտնի ահաբեկիչ, ցմահ բանտարկյալ Նարիրի Հունանյանի հետ, նա էլ արտաբերել է Վազգեն Մանուկյանի անունը, որի հետ իբրև թե ինքը սերտ կապեր է ունեցել:

«Եթե մեկը պատերազմի ժամանակ ինձ ասեր, որ ինչ–որ դասալիք քեզ մեղադրանք է ներկայացնելու, ծիծաղս կգար։ Բայց պարզվեց, որ դարձել ենք այդպիսի երկիր»,- այսպես արձագանքեց Վազգեն Մանուկյանը, և հանրությունն էլ արձանագրեց, որ ներկայիս իշխանությունը բացարձակապես զուրկ է որևէ բարոյական նորմից: Ակնհայտ դարձավ, որ ներկայիս իշխանությունները կարևոր համալրում են կատարել իրենց գործիքակազմում, օրակարգ են բերել «Հոկտեմբերի 27»-ի գործը մի նպատակով: Ցանկացած մարդուն մեջտեղից հանելու համար կարող են ասել, որ Նաիրի Հունանյանը տվել է նրա անունը, և վերջ:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը շատ կտրուկ պատասխանեց այս ամենին, հստակ նշեց, որ Բաբաջանյանը տվյալ դեպքում ընդամենը գործիք է, ընդ որում չափազանց խոտելի և խոցելի գործիք, և եթե վարչապետն ուզում էր հեռացնել իրեն, կարող էր դա շատ պարզ եղանակով անել՝ հայտնել իրեն այդ մասին, ոչ թե դիմել զարտուղի միջոցների՝ անարժան մարդկանց ձեռքով և ամոթալի ձևով, ինքն այդ «պաշտոնից» կառչելու մտադրություն չունի: Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի կարծեցյալ տեղեկություններին, ապա լիովին հերքեց դրանք, պահանջեց այդ խոսակցության ձայնագրությունը և ասաց, որ եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, եթե հարկ լինի, բոլոր հարցերին կպատասխանի դատարանում, բայց այն, ինչ կատարվում է հիմա և այսպես, ուղղակի խայտառակություն է:

Զուգահեռ մամուլում փաստեր զետեղվեցին այն մասին, որ ժամանակին բանակից ազատվելու համար փաստաթղթեր կեղծած և այդ հանցանքի համար բանտ նստած Բաբաջանյանը եղել է ամերիկյան «Ստրատֆոր» հետախուզական ընկերության ինֆորմատոր և շարունակաբար գաղտնի տեղեկատվություններ է տրամադրել նրան (զետեղվեց WikiLeaks-ի հրապարակած ցուցակը՝ Բաբաջանյանի անվան ընդգծմամբ), Նաիրի Հունանյանի հետ սերտ կապեր է ունեցել ինքը՝ Բաբաջանյանը, որի հետ ներդրված է եղել Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում, Նաիրի Հունանյանն էլ արդեն տասը տարի հոգեմետ դեղեր է օգտագործում, այսինքն՝ ադեկվատ չէ:

Իսկ Ազգային անվտանգության ծառայությունն առայսօր քար լռություն է պահպանում, թե ինչպես է Բաբաջանյանը Հունանյանի հետ տեսակցելու թույլտվություն ստացել, ինչու չի հիշատակվում նրանց խոսակցության ձայնագրությունը և ինչու չի արձագանքում Բաբաջանյանի՝ օտարերկրյա հետախուզության գործակալ լինելու փաստին:

Փաստորեն սա է Նոր Հայաստանը, երբ դասալիքն ու հանցագործը ոչ միայն կարող է հայտնվել երկրի ամենաբարձր ներկայացուցչական մարմնում, այլև ներքին քաղաքականության օրակարգ թելադրել, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը կայտառ թշվառությամբ արտաքին թշնամիների դեմ պայքարելու փոխարեն կարող է թիրախ դարձած պաշտոնյաների հայրական տան տանիքի (բուն իմաստով) ծագումնաբանությամբ զբաղվել:

Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Այնուամենայնիվ շաբաթը սկսվեց նաև դրսից եկած լավ լուրով, որ մի քիչ ցրեց ներքին իրադարձություններով պայմանավորված ծանր տրամադրությունները: Ձայների ջախջախիչ մեծամասնությամբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունվեց, որը միջազգային շատ լրատվամիջոցներ ու փորձագետներ իրավամբ պատմական են համարում։ Հայկական լոբբիստական կազմակերպությունների և հայամետ կոնգրեսականների շուրջ երեք տասնամյակ գործադրած ջանքերը վերջապես հաջողությամբ պսակվեցին: Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունել է 405 կողմ, 3 ձեռնպահ և 11 դեմ ձայներով:

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ որևէ տեղեկություն չունի, թե Հայաստանի կառավարությունը որևէ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շրջանառության մեջ հայտնվելու և ընդունվելու հարցում: Ինչպես տեսնում ենք, երբ ներկայիս իշխանությունները որևէ ոլորտում դերակատարություն չեն ունենում, ապա նաև հազվադեպ հաղթանակներ ենք ունենում:

Անկարան իհարկե որոշակի բնական ջղաձգումներ ունեցավ, հայտարարեց, որ այդ բանաձևը խաթարելու է թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, ինչի մասին տեղյակ է պահել արտգործնախարարություն կանչված ամերիկյան դեսպանին, Էրդողանն էլ պատրաստվում է չեղարկել իր այցը Վաշինգտոն և այլն: Բայց ամբողջ ճշմարտությունն այն է, որ տվյալ բանաձևն ընդունվեց արդեն իսկ խաթարված թուրք-ամերիկյան հարաբերությունների հետևանքով, պարզապես վերը նշված կազմակերպությունները և կոնգրեսականները շատ ճիշտ օգտագործեցին պահը:

Պետական համեստ բյուջեն և իշխանավորների անհամեստ ծախսերը

Այս շաբաթ Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվեցին «տնտեսական հեղափոխություն» հռչակած կառավարության 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները, և պարզվեց, որ այդ բյուջեն այնքան էլ հեղափոխական ու թռիչքային չէ, ընդհակառակը՝ պահպանողական է: Այս հակասությունը վարչապետը բացատրեց այսպես. եթե լավագույնն ես ցանկանում, ապա պետք է պատրաստվես վատագույնին: Բավական է միայն նշել, որ 2020 թվականին Հայաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Փոխարենը կաճեն վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը, խորհրդարանի գործուղումների ծախսերը, որոնք արդեն ավելացել են մի քանի անգամ, դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի ծախսերը և այլն: Բայց քանի որ կենսաթոշակները կավելանան միջինը 10 տոկոսով՝ մոտ 3500 դրամով, իսկ հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ, բավական է, որ վարչապետը հպարտությամբ նշի, որ տնտեսական հեղափոխությունը «իրողություն է, որը կարելի է արդեն տեսնել անզեն աչքով»:

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, Վենետիկի հանձնաժողովի անհանգստությունը և Սերժ Սարգսյանի վախը

Երեքշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ստորագրվեց ռազմավարական դաշնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է գործակցության ուղղությունների լայն շրջանակ: Նա այցելեց նաև ռուսական 102-րդ ռազմաբազա, որի ներուժը եկող տարի գրեթե կկրկնապատկվի սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով: Երևանից Շոյգուն մեկնեց Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն խիստ անհանգստացած է Հրայր Թովմասյանի դեմ ծավալված գործընթացներով, որոնք քաղաքական հետապնդման տպավորություն են թողնում: Նա կոչ է արել զերծ մնալ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններից և հայտնել է, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլև եվրոպական մյուս կառույցներն ուշադրությամբ հետևում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Զուգահեռ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները ձերբակալելու շանտաժով ստիպում են մեկին կեղծ վկայություններ տալ Հրայր Թովմասյանի հասցեին, որպեսզի նրա դեմ այժմ էլ քրեական գործ հարուցեն:

Չորեքշաբթի օրը մի զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է, որ ոչնչից չի վախենում միայն հիմարը: Նա վախեցել է 1988-ին, երբ մեր Արցախի ճակատագիրը վտանգի տակ էր, բայց «տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այն»: Հիմա էլ վախենում է «անպատասխանատու պոպուլիստների կործանարար քաղաքականությունից»։ Իսկ իր անձի հետ կապված վախ չունի, եթե իրեն ձերբակալելուց մեր ժողովուրդը երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն:

Նույն օրը Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հակառակորդը առաջնագծում լարում է իրադրությունը, ուստի զգուշացրել է Բաքվին, որ սադրանքները շարունակվելու դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների: Ամբողջ գիշեր կրակ էր բացվել նաև Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ։

Լարված հինգշաբթին

Ին՞չ պարզվեց կառավարության հերթական նիստից:

Ինչպես գիտենք, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել սեպտեմբերին տեղի ունեցած աղմկոտ պատմությունից հետո։ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը խմբով ծեծի էր ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը կոմայի մեջ է և արդեն մեկուկես ամիս գիտակցության չի գալիս, իսկ Տրդատ Սարգսյանը, ինչպես պնդում են փոխգնդապետի ընկերները, եղել է դեպքի վայրում։ Կառավարության նիստում հայտարարվեց, որ Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվել Արարատ Գրիգորյանը, որը, ինչպես հետագայում տեղեկացանք, նախկին մարզպետի կալանավորված օգնականի փաստաբանն է:

Կառավարությունը որոշեց լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն և մեկ մանկատուն: Ըստ այդ որոշման՝ ազատված գումարները կուղղվեն նույն երեխաների օժանդակությանը, բայց արդեն իրենց ընտանիքներում, նաև ցերեկային աջակցման կենտրոններ կստեղծվեն:

Եվ վարչապետի հերթական ուղերձները.

«Ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ մղելու մանդատ, և բոլոր նրանք, որ մեր ոտքերից կկախվեն և կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտների վրայից»:

«Մենք պետք է պինցետով արմատախիլ անենք տգիտության քարոզը պետական կառավարման համակարգից»։

Այս համատեքստում բնական է, որ նախկին ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի պետական ֆինանսավորման շուրջ առաջացած աղմուկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հետադիմության առաջամարտիկներ համարեր նրանց, ովքեր դժգոհություն են հայտնում, թե ազգային գաղափարներով ֆիլմերի ֆինանսավորման փոխարեն պետությունն օգնում է սեռափոխված, արտասահմանում ապաստան հայցած անձնավորության մասին ֆիլմի նկարահանմանը:

Եվ շաբաթ օրը հայտնի դարձավ, որ առաջադեմ նախարարությունը ֆինանսավորել է ևս մի նախագիծ, որի ցուցադրությունը վրդովմունքի նոր ալիք բարձրացրեց, նույնիսկ ընդհարումներ եղան դիտողների և կազմակերպիչների միջև: Խոսքը «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին է, որը ցուցադրվեց Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ: Մի խումբ աղջիկներ անկանոն շարժումներ էին անում, մեկը ճչալով ինչ-որ բան էր արտասանում, մեկն էլ գալարվում էր շատրվանում: Ըստ մասնակից, «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցի, սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` «միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության և հանրային տարածքում մարմնի ներկայության մասին»:

Պետք է հասկանալ, որ սա ժամանակակից արվեստ է և մշակութային հեղափոխության մի մասը, որից հետամնացները բան չեն հասկանում: «Տիպացնելով քաղաքական գործչի կերպարը, մենք հեռանում ենք հեղափոխության արժեքներից, որովհետև մենք ենք արել հեղափոխությունը և մենք նաև պատասխանատու ենք մշակութային հեղափոխության համար: Սա մշակութային հեղափոխության մի մասն է, որը վերհիշում է անցյալը, չի մոռանում ներկան և պատասխանատու է ապագայի համար»,– ասել է Հասմիկ Խաչունցը:

Հինգշաբթի թեժ իրավիճակ ստեղծվեց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները: Զոհված զինվորների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների և զոհված զինծառայողների ծնողների միջև վիճաբանություն սկսվեց՝ ընդհուպ բաժակով ջուրը քննիչի երեսին շփելով: Արդար քննություն պահանջող ծնողների նյարդերը տեղի են տալիս:

Եվ դարձյալ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի ուրվականը

Ուրբաթը նշանավորվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ցույցով: Դա պայմանավորված էր նրանով, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ էին ժամանանել Հայաստան, որպեսզի այդ կոնվենցիայի հետ առնչվող ինչ-ինչ կարծարտիպեր կոտրեին: Ցուցարարներն էլ, ըստ երևույթին, ցանկանում էին կոտրել Եվրոպայի խորհրդի և ներկայիս իշխանությունների կարծրատիպերը:

«Կամք» նախաձեռնության անդամները և նրանց համակիրները, որոնք փաստաթուղթը չվավերացնելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել և ավելի քան 50 հազար ստորագրություն հավաքել, բողոքի ցույց արեցին Ազգային ժողովի շենքի առջև և երթ քաղաքի փողոցներով: Նրանց միացան Նարեկ Մալյանի գլխավորած ՎԵՏՕ նախաձեռնությունը և ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը: Ցուցարարները երթով շարժվել են Երևանում Եվրախորհրդի գրանսենյակ, որի դիմաց հայտարարել են՝ նրանք, ովքեր դեմ կգնան մեր ազգային գոյության ձևերի պահպանմանն ու հայկական արժեքներին, ովքեր կփորձեն ստիպել, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, թող ականջներին օղ անեն, որ այդ կոնվենցիան Հայաստանում տեղ չունի, պայքարը լինելու է մինչև վերջ:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Asa Garment ընկերության ֆաբրիկայի բացմանը, որտեղ փակցված էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» փաշինյանական կարգախոսով պաստառ։

Նոր կուսակցության ծնունդը և վարչապետի հերթական լայվերը

Շաբաթ օրը տեղի ունեցավ «Ազգային օրակարգ» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը: Եվ մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները և հրավիրված անձինք լուրջ քննարկումներ էին անում Հայաստանին ընձեռված հնարավորությունների և ծառացած մարտահրավերների, հետագա զարգացման հայեցակարգի և առհասարակ հայության ճակատագրի շուրջ, Նիկոլ Փաշինյանն իր լայվով էքսկուրսիա կազմակերպեց իր նոր առանձնատանը, որի վերանորոգման և կահավորման համար ծախսված 2 մլն դոլարը տևական քննարկման առարկա է դարձել: Նա առանձնակի հպարտությամբ ու քնքշությամբ էր ներկայացնում ամեն մի մանրուք և քանիցս գոհունակությամբ նշեց, որ այդ առանձնատունը ժամանակին ցանկանում էր մասնավորեցնել Սերժ Սարգսյանը, և նախկինները հիմա նախանձով են վերաբերվում այն փաստին, որ հիմա այդտեղ ինքն է ապրում: Բայց, ըստ ամենայնի, լայվի հիմնական նպատակն այն էր, որ նշվի՝ վերանորոգման վրա տասն անգամ ավելի քիչ է ծախսվել, քան ասվում է, և յուրաքանչյուր բամբասանք իր և իր ընտանիքի հասցեին պատասխան կստանա: Սակայն տասն անգամ պակաս ասելով՝ ի՞նչ պետք է հասկանանք, նախատեսված է եղել 20 մլն և ծախսվել է 2-ը, թե՞ ծախսվել է ընդամենը 200 հազար դոլար, որին դժվար է հավատալ:

Հաջորդ՝ կիրակնօրյա լայվը՝ «Զրույց քաղաքացու հետ», կտրուկ անցում էր կենցաղային խոսակցությունից քաղաքականի: Այն նվիրված էր Արցախի հարցին և հիմնական բովանդակությունն այն էր, որ հաստատվի՝ Արցախի հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են: Միաժամանակ խոստովանեց, որ ինքն առայժմ այդ խնդրի լուծման պատկերացումը չունի: Ահավասիկ. «Կարևոր է արձանագրել, թե որն է մեր ռազմավարությունը Արցախի հարցում. բացառվում են դավադրությունները, քանզի Ղարաբաղի հարցն իմ հարցը չի, այն համազգային հարց է։ Ասել եմ, որ այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց իմ հիմանական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։ Երբ գտնեմ այդպիսի լուծում, այն կներկայացնեմ ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կունենաք, որովհետև որոշումը պետք է լինի համազգային։ Եթե անհրաժեշտ լինի, կարելի է և հանրաքվե անցկացնել» ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: