Հայերեն   English   Русский  

Իհարկե կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիային. Զարուհի Բաթոյան


  
դիտումներ: 123

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ ինքը կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

«ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան և հիմա պետք է վավերացնի»:

Հարցին, թե այդ կոնվենցիայի դեմ հանրության տրամադրությունները կարո՞ղ են ազդել գործընթացի վրա, Բաթոյանն արձագանքեց, որ իրենց նախարարությունն այդ գործընթացի հետ առնչություն չունի. «Մեր գործառույթն է աջակցել նրանց, որոնք ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության: Մենք նաեւ նրանց սոցիալական աջակցություն ենք տրամադրում: Ես կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելել, ծրագրեր իրականացնել: Այս պահին սրանով սահմանափակված է մեր գործունեությունը»:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ՞ այդ ամենն իրականացնել առանց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, նախարարն ասաց, որ Հայաստանի գործող օրենսդրությունն այդ առումով թերի է. «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց Կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք»:

Նախարարը նաեւ նշեց, որ իրենց խնդիրն է իրազեկել մարդկանց, թե ինչի մասին է կառավարության քաղաքականությունը, ինչի մասին է Ստամբուլյան կոնվենցիան, ինչ է բռնությունը, ինչ է նախատեսում իրականացնել. «Մենք կարիք ունենք մեր ծրագրերի մասին հանրության հետ ավելի շատ խոսելու, բարձրաձայնելու: Անկախ նրանից, թե ով դրանից գոհ կլինի, ով՝ դժգոհ, մենք պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք: Մենք հակաքարոզչությանը պատասխանելու անհրաժեշտւթյուն չենք տեսնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: