Հայերեն   English   Русский  

​Թրամփը հայտարարել է գրանցման վայրը փոխելու մասին


  
դիտումներ: 89

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու է որոշել փոխել հարկային գրանցման վայրը Նյու Յորքից Ֆլորիդա. իր հանդեպ քաղաքական գործիչների վատ վերաբերմունքի պատճառով:

«Չնայած ես ամեն տարի միլիոնավոր դոլարների հարկեր եմ վճարում քաղաքին, նահանգին և տեղական տուրքեր, ինձ հետ շատ վատ են վարվել թե՛ քաղաքի, թե՛ նահանգի քաղաքական առաջնորդները: Շատ քչերին են նրանք այդպես վերաբերվել: Ինձ համար շատ տհաճ էր այդ որոշումն ընդունելը, բայց վերջին հաշվով այդպես ավելի լավ կլինի բոլոր առնչվող անձանց համար»,- մեջբերում է «ՌԻԱ նովոստին» նրա այսօրվա թվիթերյան գրառումը:

Նա նշել է նաև, որ որպես նախագահ՝ այսուհետև էլ կօգնի Նյու Յորքին և նրա բնակիչներին:

Ավելի վաղ New York Times թերթը հաղորդել էր, որ սեպտեմբերի վերջին Թրամփը ներկայացրել է «հայտարարագիր բնակության վայրի մասին», որում իր հիմնական բնակության վայր նշել է Մար-ա-Լագո կալվածատունը Ֆլորիդայի նահանգի հարավում:

Նախագահի նախկին «գրանցման» վայրը եղել է Trump Tower երկնաքերը Մանհեթենի կենտրոնի Հինգերորդ ավենյուում, որտեղ տեղակայված է նաև Թրամփի ընկերության գլխավոր գրասենյակը: Որպես բնակության լրացուցիչ հասցեներ նշված են Սպիտակ տունը և գոլֆ ակումբը Նյու Ջերսիի նահանգում:

Պաշտոնական բնակության վայրի փոփոխության համանման փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:

Ինչպես նշվում է հոդվածում, Թրամփի «տեղափոխությունը» ցույց է տալիս իրերի իսկական դրությունը: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա 99 օր եղել է Մար-ա-Լագոյում և միայն 20 օր Trump Tower-ում:

Նյու Յորքի որոշ պաշտոնյաներ դատարանի միջոցով փորձում են հասնել նրան, որ Կոնգրեսին հասանելի լինեն նրա հարկային հայտարարագրերը: Հոկտեմբերի սկզբին Նյու Յորքի դաշնային դատարանը թույլ տվեց դատախազներին պահանջել նախագահի և նրա ընկերության 8 տարվա հարկային հայտարարագրերը: Այդ որոշման կատարումը հետագայում կասեցրեց Վաշինգտոնի վճռաբեկ դատարանը:

Թրամփի քաղաքական հակառակորդները և որոշ դատախազներ ձգտում են Թրամփի հարկային հայտարարագրերի հրապարակմանը՝ հույս տածելով, որ դրանց մեջ կգտնեն օրենքի խախտումներ: Թրամփը հրաժարվում է հրապարակել հայտարարագրերը՝ հայտարարելով, որ առայժմ դրանք աուդիտ են անցնում հարկային ծառայությունում: Փաստաթղթերի հրապարակումը կարող է լույս սփռել Թրամփի կարողությունների չափերի, նրա հարկային պարտավորությունների և այն շրջանի գործարքների վրա, երբ նա բիզնեսմեն է եղել և զբաղվել է անշարժ գույքով:

ԱՄՆ սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում, թե կարող են երկրի ղեկավարի դեմ քրեական մեղադրանքներ ներկայացվել: Դաշնային դատախազներին արգելված է հայց ներկայացնել գործող նախագահի դեմ, բայց այդ արգելքը հիմնված է ոչ թե դատական նախադեպի, այլ արդարադատության նախարարության նորմերի վրա: Դատարանի ներկայիս որոշումը կարող է վեճ հարուցել այդ թեմայով, վերջին խոսքը կվերապահվի բարձրագույն դատական ատյանին՝ Գերագույն դատարանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: