Հայերեն   English   Русский  

Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել. ճարտարապետներ


  
դիտումներ: 939

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում որևէ բառ անգամ չկա, որ այն պատմամշակութային հուշարձան է: Խնդիրը ոչ թե աճուրդն է կամ նոր սեփականատերը, այլ երաշխիքը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շահագործվելու է ըստ նշանակության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետը նշեց, որ շատ հոդվածներ է կարդացել. բոլորում խնդրի մասին խոսում էին միայն ճարտարապետները, մինչդեռ խնդիրը իրավաբանական է. հուշարձանների պահպանումը ամրագրված է օրենքով։

«Ամեն ինչ մանրամասն նկարագրված է, բայց ոչ մի բառ հուշարձանի մասին: Կառավարությանը միայն հետաքրքիր է իր գումարները վերադարձնելը, իսկ Դատական համակարգին՝ միայն թվաբանությունը: Խնդրի հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել»,- հավելեց նա։

Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը նշեց, որ, եթե այսօր համալիրը անհրաժեշտ է քաղաքացիներին՝ սպորտային ու մշակութային միջոցառումների համար, նշանակում է, որ պետությունը պետք է որոշակիորեն ֆինանսավորի ու օգնի մասնավորին: «Իրականում սեփականատերը միշտ էլ կարող է փոխվել, հարցը այստեղ այլ է՝ արդյոք հաջորդը կունենա շահագործելու պոտենցիալ, թե՝ ոչ»։

Գուրգեն Մուշեղյանը հիշեցրեց, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը միակ կառույցն է, որը Խորհրդային Միության ժամանակ արժանացել է պետական մրցանակի. « Երբ ընտանիքը հուշ նշանակող առարկա է ունենում, որքան էլ ծանր լինեն պայմանները, չի վաճառում այն, քանի որ պետք է փոխանցի դա հաջորդ սերունդներին, դրանք պատմություն են նշանակում։ Նույն էլ վերաբերում է հուշարձանին, որը ազգի սեփականությունն է»,- ասաց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: