Հայերեն   English   Русский  

Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը


  
դիտումներ: 152

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովին խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Նա նկատել է տվել, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունը ԱՄՆ-ի անվտանգության քաղաքականության, դիվանագիտական հարաբերությունների մեջ և ներքաղաքական կյանքում սկսել է լուրջ հետևանքների հանգեցնել:

Էրդողանը, դիմելով ամերիկյան հանրությանը և ամբողջ աշխարհին, ասել է. «Այս քայլը մեզ համար որևէ արժեք չունի, այն չենք էլ ճանաչում: Եթե անկեղծ խոսենք. «Իրենք նվագում, իրենք էլ՝ պարում»: Այս է: Սրան հակառակ՝ մեզ վշտացնում է, որ մեր երկրի նկատմամբ արվող այս զրպարտությունները որևէ երկրի խորհրդարանում ընդունվում են: Սա ի՞նչ ընկալում է»:

Թուրքիայի նախագահն այնուհետև կրկնել է նախկինում իր կողմից բազմիցս հնչեցված տեքստերը.

«Մենք տարիներով ասում ենք, որ այս հարցը պատմաբանների և հնագետների գործն է: Պատվիրակենք նրանց, պատվիրակություն ստեղծենք, թող աշխատեն, որ այս հարցին քաղաքական աստառ չտան: Այս բոլոր աշխատանքներն անելուց հետո քաղաքական գործիչները սեղանի շուրջ նստեն և կատարվածն իր անունով կոչեն: Եվ մենք մեր արխիվները բացեցինք: Այս պահին մեր արխիվում այս հարցին առնչվող միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Եթե հայերն ունեն, թող նրանք էլ բացեն իրենց արխիվները, բայց հայերը մինչև այսօր այս հարցին վերաբերող որևէ արխիվ չեն կարողացել բացել: Չունեն էլ, որ բացեն»:

Էրդողանը անդրադառնալով ASALA-ի գործունեությանը, ասել է. «Թուրքիան մի երկիր է, որն անցյալում երկար տարիներ շարունակ տուժել է հայկական ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից: Հիմա ես կրկին դիմում եմ Ամերիկային՝ 1970-80 թվականներին ASALA-ն 21 տարբեր երկրներում թուրքական դեսպանատների ու ներկայացուցչությունների վրա ավելի քան 100 հարձակում է իրականացրել: Դուք դրանից տեղյա՞կ եք: Դրա փաստերը, ամեն ինչը կա մեր ձեռքում: Այդ հարձակումների հետևանքով մեր ավելի քան 40 դիվանագետներ ու ներկայացուցիչներ են զոհվել: Դրանից տեղյա՞կ եք»:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել միակողմանի որոշումներ չկայացնել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

«Ասում եմ ևս մեկ անգամ. մեր հավատքի մեջ ցեղասպանությունը կտրականապես արգելված է: Այստեղ տեղահանություն դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնողները միայն ու միայն մեղավոր փնտրելու նպատակ ունեն: Այդպիսի մեղադրանքը համարում ենք մեր ժողովրդին ուղղված ամենամեծ վիրավորանքը: Ալլահի կամքով խորհրդարանն (Թուրքիայի մեջլիս - խմբ.) անհրաժեշտ պատասխանը կտա պատմական իրողություններին հակասող և ամբողջությամբ ներքաղաքական նպատակներ հետապնդող այդ քայլին: Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ցանկանում եմ, որ տեքստը ընդունվի միաձայն ու մենք էլ նույն կերպ այն ուղարկենք ԱՄՆ»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: