Հայերեն   English   Русский  

Համալիրը աճուրդի է հանվել որպես սովորական անշարժ գույք. փաստաբան


  
դիտումներ: 1059

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել՝ քողարկելու ՀՀ կառավարության կողմից կատարած սխալ վարկային պարտավորությունները», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։

Ըստ նրա, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով, որոշ ուժեր մտադիր են ստվերել համալիրում 2005-2007թվականների ընթացքում կատարված մոտ 42 միլիոն դոլարի չափով օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը. նախապես մշակված սցենարով ծուղակ է ստեղծվել ընկերության համար՝ կյանքի կոչելով որոշ մարդկանց՝ համալիրը իրենց համար հարմար գնով ձեռք բերելու ցանկությունը։ Թե ում է խոսքը վերաբերում, Գրիգորյանը չնշեց։ «Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, և վիճակը կհանգեցնի նրան, որ որևէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել» ,- հավելեց նա։

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն ընդգծեց, որ համալիրը աճուրդի է հանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ կառույցն ունի պատմամշակութային արժեք։ Համալիրի փաստաբանները դիմել են մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում պատմամշակութային արժեք հանդիսացող համալիրը, բայց ստացել են պատասխան, որ դեռ նման չափորոշիչներ մշակված չեն: «Ստացվում է, որ համալիրը աճուրդի հանելիս այն գնահատվել է որպես սովորական անշարժ գույք», - ասաց փաստաբանը ՝ նշելով, որ գործն այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում, և օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարել։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: