Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել թայֆունների մասին անհաջող կատակի համար


  
դիտումներ: 84

Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն, որ մինչև վերջերս զբաղեցնում էր ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնը, այսօր ներողություն է խնդրել թայֆունների մասին անհարկի կատակի համար, որոնք պատուհասեցին Ճապոնիային վերջին ամիսներին և մեծ թվով զոհերի ու ավերածությունների պատճառ դարձան:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, պաշտպանության գերատեսչության ղեկավարը ներողություն է խնդրել հերթական մամլո ասուլիսի ժամանակ:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել նրանցից, որոնց իմ խոսքերը դառնություն են պատճառել»,- ասել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտությունները անհարկի են եղել:

Անցած հանգստյան օրերին սեփական քաղաքական գործունեության համար հանգանակության միջոցառումների ընթացքում Կոնոն կատակով ասել է, թե ինչը կարող էր թայֆունների պատճառ լինել: «Այնտեղ, որտեղ ծնվել եմ, ինձ հաճախ էին անվանում «անձրևի մարդ»: Ուր որ հայտնվեի, անընդհատ անձրև էր գալիս: Այն պահից ի վեր, ինչ ես պաշտպանության նախարար դարձա, Ճապոնիայում արդեն երեք թայֆուն է եղել»,- ասել է նա:

Ըստ վերջին տվյալների՝ «Հագիբիս» թայֆունի հետևանքով, որը հարվածեց Ճապոնիային հոկտեմբերի առաջին կեսին, զոհերի թիվը հասել է 98-ի: Դրանից առաջ Ճապոնիային պատուհասեցին ևս մի քանի թայֆուններ, ներառյալ «Ֆակսայ» թայֆունը: Վնասն արդեն հատել է 1,6 մլն դոլար ցուցանիշը, երկրի կենտրոնական և հյուսիսարևելյան տարածաշրջաններում շարունակվում են վերականգնողական աշխատանքները, հազարավոր բնակարաններ և առանձնատներ դեռևս զրկված են ջրամատակարարումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: