Հայերեն   English   Русский  

Ավելի քան վեց ամիս առաջ իմ դեմ սկսեց հետապնդում, ես կոչ եմ անում ձեզ մաս չդառնալ դրան. Սանասարյանը՝ դատավորին


  
դիտումներ: 81

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և նրա նախկին գործընկերների մասով հարուցված գործի դատաքննության սկզբում դատավոր Դավիթ Բալայանը հայտարարեց, որ

հանգամանքներ կան, որ կարող են պատճառ դառնալ իրեն ինքնաբացարկ հայտնելու:

Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 14-ից 18-ը արտերկրում սեմինարի է մասնակցել Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի հետ:

«Պաշտպաններից Հրանտ Անանյանը, ով ներկայացնում է Տարոն Ավետիսյանի շահերը, դիմել է ՀՔԾ՝ դատարանների դռների շրջափակելու դեպքի հետ կապված, երբ ես փորձել եմ պատուհանից մուտք գործել դատարան, իմ մուտքը խոչընդոտել են: Ես նրան չեմ լիազորել, ինքը որպես մասնավոր անձ է դիմել»,- ասաց դատավորը:

Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ գործով որպես վկա է ներգրավված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենը, որ աշխատանքից ազատվել է, իր քեռու որդին է:

«Ես կաշկանդված չեմ դրանով, այս հանգամանքները իմ կարծիքով հիմք չեն մարող հանդիսանան որպեսզի ես կողմնակալություն ունենամ»,- նշեց դատավորը:

Դատավարության կողմերը ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրին:

«Հարգելի դատարան, ավելի քան վեց ամիս առաջ իմ դեմ սկսեց հետապնդում, ես կոչ եմ անում ձեզ մաս չդառնալ դրան»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

«Ինձ պետք չէ կոչ անել»,- արձագանքեց դատավորը:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: