Հայերեն   English   Русский  

Վարսիկ Գրիգորյան. «Սպորտում ամեն վայրկյան հարկավոր է պայքարել»


  
դիտումներ: 1923

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարսիկ Գրիգորյանը 56 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր:

Հայ մարզուհին տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց և միայն եզրափակչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին:

Անկախի հետ զրույցում Վարսիկ Գրիգորյանը կիսվում է տպավորություններով, խոսում սպորտը ուսման հետ համատեղելու դժվարությունների և նպատակին հասնելու բարդ ճանապարհի մասին:

-Շնորհավորում ենք մրցանակակիր դառնալու կապակցությամբ: Աշխարհի առաջնությունը տարվա կարևոր ստուգատեսն է. ինպե՞ս էիք նախապատրաստվել:

-Շնորհակալ եմ: Երկար նախապատրաստական շրջան էինք անցել` հագեցած մարզումներով: Անչափ կարևոր էր մեր թիմային աշխատանքը: Ճիշտ է՝ մարզաձևն անհատական է. մարզիկը գորգի վրա միայնակ է պայքարում, բայց մինչև նշված կետին հասնելը, պետք է միասին լինել: Ընթացքում համատեղ մեծ աշխատանք է իրականացվում, ինչը շատ է օգնում: Նաև հավաքականում տիրող համերաշխ մթնոլորտն է ոգևորում մեզ:

Տրամադրվածությունը, ինչպես բոլոր մարզիկների մոտ, մարտական էր ու հաղթական: Մեկնել էի մրցավայր մեդալ նվաճելու համար:

Վարսիկ Գրիգորյան

-Ձեր անցկացրած գոտեմարտերի մասին ի՞նչ կասեք: Եզրափակչում պասիվության պատճառով զիջեցիք մրցակցին:

-Չպետք է կասկածել սեփական ուժերին, պետք է միշտ վստահ շարժվել առաջ: Եզրափակիչ գոտեմարտում անինքնավստահությունն ինձ խանգարեց:

Մրցակիցներս ուժեղ մարզուհիներ էին, իրենց երկրների առաջատարները:

1-ին գոտեմարտը ուկրաինացի, 2-րդը ղազախ մարզուհու հետ էր: Եզրափակչում հանդիպեցի Ռուսաստանի ներկայացուցչին: 1 միավոր տվեցի ընդամենը, մյուս 2-ը նկատողություն ստացա՝ պասիվության համար:

Սպորտն անկանխատեսելի է, ամեն բան կարող է փոխվել մեկ վայրկյանում, միշտ ու ամեն վայրկյան հարկավոր է պայքարել: Ինքնավստահության բացակյությունն ինձ խանգարեց: Ես պարտվեցի նկատողություններով: Հարկավոր էր ավելի ինքավստահ լինել: Կփորձեմ աշխատել այդ ուղղությամբ:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել սամբո ըմբշամարտով: Մարզաձևի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Հայրս՝ Վազգեն Գրիգորյանը, ըմբշամարտիկ է: Տանը միշտ հետաքրքրության համար միասին մարզվում էինք: Փոքր տարիքում բազմաթիվ հետաքրքրություններ ունեի. տարբեր մարզաձևերի գնացել, արվեստի խմբակներ հաճախել: 14 տարեկանում ծնողներիս միջամտությամբ սկսեցի զբաղվել սամբո ըմբշամարտով: Իրականում չէի ցանկանում գալ Երևան ու մարզվել, սակայն պոտենցիալ նկատեցին, ասացին, որ կարող եմ հաջողության հասնել: Մարզվում եմ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում Վարդան Խուգեյանի և հավաքականի մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ:

Սպորտը սկզբում պարզապես զբաղմունք էր. հետո ամեն ինչ՝ լավ կամ վատ լինելը, տրամադրությունը, սկսեց պայմանավորված լինել սպորտով: Այժմ սպորտն ավելին է, քան կարող եմ պատկերացնել: Հաղթանակը մեծ ազդեցություն է թողնում, պարտությունը դժվար եմ հաղթահարում: Պետք է լավատես լինել ոչ միայն սպորտում, այլև կյանքում: Ընկեր Խոջայանը միշտ ասում է՝ ինչպես որ կյանքում ենք, այնպես էլ պետք է լինենք գորգում և այդ կարճ ժամանակահատվածում ցույց տանք ողջ էությունը:

Վարսիկ Գրիգորյան

Պետք է հստակ որոշել, թե ուր ես գնում, ինչի համար, հասկանալ՝ հանուն ինչի ես կռվում ու պայքարում: Եթե չունենաս նպատակ, հանուն որի պետք է այդ ողջ ճանապարհն անցնես, կարող ես ամեն պահ հանձնվել ու չշարունակել:

-Դուք սովորում եք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում. դժվար չէ՞ համատեղել ուսումն ու մարզումները:

-Եթե անկեղծ՝ բարդ է: Ազատ գրաֆիկ չկա, փորձում եմ հնարավորության սահմաններում հասցնել, հետ չմնալ, ինչքան կարողանում եմ, պատրաստվում եմ: Կարծում եմ՝ դասախոսներս դժգոհ չեն:

Շնորհակալ եմ ինստիտուտի ողջ անձնակազմին՝ հանձին ռեկտոր Դավիթ Խիթարյանի, որ ըմբռնումով են մոտենում՝ հասկանալով, որ մարզիկները լիարժեք չենք կարող հասցնել, որովհետև դժվար է համատեղել: Շնորհակալ եմ բոլորին՝ ինձ հետ աշխատելու ու աջակցելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: