Հայերեն   English   Русский  

Մշակույթի նախարարությունը համալիրի գործով ոչ մի քայլ չի ձեռնարկում. համալիրի աշխատակից


  
դիտումներ: 1106

«Հրապարակային սակարկությունների օրենքի համաձայն պետք է նշված լիներ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատմամշակութային արժեք է, սակայն այդ մասին ավելացվել է, երբ հայց ենք ներկայացրել: Մշակույթի նախարարությունն ոչինչ չի անում, ոչ մի քայլ չի ձեռնարկում այս հարցի վերաբերյալ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենք շատ պատահական են իմացել, որ ֆինանսների նախարարությունը դիմել է դատարան, և համալիրը պետք է աճուրդի հանվի: Նրանք դիմել են նախարարություն խնդրելով, որ որոշ ժամանակով երակարձգվի վարկի մարման ժամկետը, «Մեզ ասացին, որ գործը արդեն դատարանում է: Եթե մեզ տային մեկ կամ երկու տարի, համալիրը կմարեր ողջ պարտքը»,- ասաց նա

Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք նոր նախաձեռնություն են սկսում և իրավական ծանրակշիռ փաստարկներ են հավաքելու ԴԱՀԿ-ին ոչ իրավասու կառույց ճանաչելու համար: Այստեղ արդեն խոսքը վերաբերելու է ոչ միայն համալիրին, այլև Երևանի բնակիչներին: «ԴԱՀԿ-ը շատ անօրինական գործեր է արել: Հաշիվը, որը պետք է ղեկավարեր բաժնի պետը, այսօր տնօրինում է պարոն Պողոսյանի օգնականը, այսինքն՝ հաշիվները տնօրինվում են իրենց հայեցողությամբ»,- նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ սեփականատերը փորձում է լավագույն ձևով լուծում տալ այս խնդրին, ցանկանում է ամեն ինչ անել միայն իրավական դաշտում և չտալ գործին քաղաքական երանգ: 2005 թվականին, երբ ներկայիս սեփականատերը ձեռք է բերել պատմամշակութային կառույցը, շենքը ոչ բարվոք վիճակում է եղել. «Այն արդեն փլուզվում էր, երբ ձեռք բերեցինք: Մարզահամերգային համալիրի ձեռքբերման նախապայման է եղել, որ այն մենք պետք է վերազինենք: Եղել է պայմանավորածություն, որպեսզի անենք ներդրում և մենք արել ենք: Երկու տարվա ընթացքում կատարվել է 42 մլն դրամի ներդրում»:

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն իր հերթին լրագրողներին տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել երեկ կայացած դռնփակ նիստին. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի վերաբերյալ հարուցված գործը գտնվում է վերաքննիչ դատարանում: Երեկ դռնփակ նիստ է կայացել, որին ես հրաժարվել եմ մասնակցել: Միջնորդություն է արվել, որպեսզի գործը կասեցվի և ուղարկվի Սահմանադրական դատարան: Սակայն տեղյակ չեմ, թե դատարանն ինչ որոշում է կայացրել, քանի որ չեմ մասնակցել»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: