Հայերեն   English   Русский  

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկության թույլտվություն տված դատավորը բավարարել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 158

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանները դատարանում վիճարկում էին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելիս քննիչի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ քննիչի որոշման օրինականությունը։

Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանին՝ հիշեցնելով, որ Մաթևոսյանն այն դատավորն է, որը թույլատրել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնել։

Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ խուզարկությունը թույլատրելու որոշում կայացնելով, դատավորը օրինական է համարել քննիչի կողմից Գրիգորյանի աշխատասենյակում մինչ այդ իրականացված գործողությունները՝ մասնավորապես առգրավումները։

Ըստ պաշտպանի՝ Աննա Մաթևոսյանը չի կարող անաչառ քննել գործը և այս գործով անկողմնակալ որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: